«Պետական անվտանգության ծառայության պետանվտանգության վարչությունը հետաքննում է իշխանությունը տապալելու դավադրության փաստը», - Վրաստանի պետանվտանգության ծառայությունում կայացած ճեպազրույցում ասել է գերատեսչության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն։
Նախարարությունը պնդում է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցները ծրագրում են «հակապետական գործողություններ իրականացնել»: Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ նրանք ծրագրել են խանգարել բանտարկյալի տեղափոխումը Գլդանի №8 բանտ, որտեղ Սաակաշվին պետք է բուժում ստանա, եթե վիճակը վատանա, գրում է apsny.ge-ն:
«Այդ նպատակով նրանք ծրագրել են փակել այս հաստատություն տանող ճանապարհները, ստեղծել անվերահսկելի իրավիճակ, քաոս և կանխել Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխությունը»,- ասել է Բաչա Մգելաձեն։
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ նմանատիպ գործողություններ են ծրագրվել նաև Սաակաշվիլուն այլ բանտ տեղափոխելու դեպքում։
Որպես միակ ապացույց՝ ՊԱԾ-ը նշում է երկու ժամ տևողությամբ ձայնագրությունը, որը, ըստ Մգելաձեի, արվել է դատարանի թույլտվությամբ Թբիլիսիում Միխեիլ Սաակաշվիլու նախագահական գրադարանում։ Այնտեղ է գտնվում մի քանի քաղաքացիական շարժում միավորող «Հանուն Միշայի ազատության» հարթակի շտաբը, որը ձգտում է ազատ արձակել Սաակաշվիլուն և պարբերաբար բողոքի ակցիաներ է անցկացնում:
Ձայնագրության մեջ «Միացյալ ազգային շարժման» անդամ Բեսո Ծերեդիանին քննարկում է ճանապարհները փակելու ծրագրերը՝ Սաակաշվիլուն բանտային կլինիկա տեղափոխելու ժամանակ: Մգելաձեն ասել է, որ քննչական մարմինների կողմից որպես վկաներ հարցաքննության հրավիրված բոլոր անձինք հրաժարվել են ցուցմունք տալուց։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով՝ «դավադրություն՝ Վրաստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու, պետական իշխանությունը տապալելու կամ զավթելու նպատակով»։