«Ազգային» կինո՝ համամարդկային ժառանգություն. վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ» խորագրով գիտաժողովը Երևանում է համախմբել մեկ տասնյակից ավելի հայտնի կինոգետների, կինոհետազոտողների, տեսաբանների ու կինոարդյունաբերության մասնագետների: Նախագիծն իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և կրթության, մշակույթի նախարարության գործընկերությամբ՝ այն նվիրելով Անրի Վերնոյի 100-ամյակին, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց և 2020-ի կարևոր իրադարձությունների օրացույցում: Գիտաժողովի հարցադրումների շրջանակն ընդգրկուն է, ոլորտի խնդիրները՝ շատ, և առանցքայիններից մեկը մշակութային ժառանգությունը և, մասնավորապես, կինոժառանգությունը մշակութային դիվանագիտության գործում ազդեցիկ քաղաքական գործոնի, ինչպես նաև կրթական գործիքի վերածելն է:
Գիտաժողովը շահագրգիռ քննարկումների հարթակ է տրամադրել խորհրդային և սփյուռքի կինոժառանգությունների հետ աշխատող մասնագետներին: «Անրի Վերնոյի ոդիսականը» զեկուցման առիթով կարծիքների թեժ բախումը միանգամայն բնական է համարում ֆրանսիական կինոյի մեծ վարպետի որդին՝ Պատրիք Մալաքյանը: Ասում է՝ Վերնոյի 100 միլիոնանոց լսարանը հայկական հասցեատեր ունցավ միայն «Մայրիկի» էկրան բարձրանալուց հետո, մինչդեռ արվեստում ազգայինի սահմանագծումներ չպետք է լինեն:
Պատրիք Մալաքյան (Անրի Վերնոյի որդին) - Միայն պատմություն պատմեք: Նկարիչները, գրողները, կոմպոզիտորները, ռեժիսորները՝ նրանք բոլորը պատմում են այն պատմությունը, որն իրենց դուր է գալիս: Ոմանք խիստ անձնական պատմություններ ունեն, մյուսները՝ ավելի ստեղծագործական, բայց գոյություն չունի զուտ հայկական պատմություն, կա միայն ստեղծագործական պատմություն:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում կներկայացվեն մոտ երկու տասնյակ զեկուցումներ՝ մասնագիտական քննարկումների առարկա դարձնելով ազգային կինեմատոգրաֆների պատմությունն ու կինոժառանգության պահպանության, վերականգնման և քարոզչության հեռանկարները: