Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով 21 անձ կհայտնվի ամբաստանյալի աթոռին։ Քննչական կոմիտեն նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատախազություն։ Քննությամբ պարզվել է, որ խուլիգանությունը ղեկավարել և կազմակերպել են Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը և Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը:
Գագիկ Առաքելյան, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ - Խուլիգանությունը տեղում կազմակերպվել և իրականացվել է Մենուա Հովսեփյանի գլխավորությամբ, որը հանդիսանում է Առուշ Առուշանյանի տեղակալը, նրա կազմակերպմամբ է տեղի ունեցել ողջ գործընթացը։ Տեղում արդեն կազմակերպչական աշխատանքներում իր աջակցությունն է ցույց տվել Հակոբ Արշակյանը:
Առաքելյանը նշում է՝ ապրիլի 20-ի երեկոյան ժամերից սկսած՝ Հովսեփյանն սկսել է անձանց հավաքագրման գործընթացը։ Հաջորդ օրն արդեն՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, նա և մի շարք այլ անձինք հավաքվել են Շուռնուխ բնակավայրի տարածքում: Ըստ քննիչի՝ հասկանալով, որ վարչապետը գտնվում է Մեղրիում և մի քանի ժամ հետո նոր կարող է հասնել Շուռնուխ, հավաքվածներին այդտեղ պահելու նպատակով Մենուա Հովսեփյանի կազմակերպմամբ այդ տարածք է տեղափոխվել սնունդ և ալկոհոլային խմիչք:
Գագիկ Առաքելյան - Արդեն տեղում Մենուա Հովսեփյանը Շուռնուխ բնակավայրի ներկայացուցիչ ղեկավար Հակոբ Արշակյանին հանձնարարել է հավաքվածներին ապահովել տաք սնունդով և Արշակյանն էլ, իր հերթին, այդ հանգամանքը հանձնարարել է գործով մեղադրյալներից մեկին, որը գառ է մորթել։ Մենուա Հովսեփյանի և Հակոբ Արշակյանի կազմակերպմամբ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից բլրակի վրա սեղաններ են գցվել, որտեղ հավաքվածներն արդեն ժամը 15։00-ի սահմաններում սկսել են սնվել, այդ ընթացքում հավաքվածներին հյուրասիրել են ալկոհոլ։
Ըստ քննիչի՝ շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ Մենուա Հովսեփյանը և Հակոբ Արշակյանը հավաքվածներին հրահանգավորել են հավաքվել Գորիս-Կապան ավտոճանապարհի եզրին՝ վարչապետի ավտոշարասյան ընթացքը խոչընդոտելու, նրա ճանապարհը փակելու նպատակով:
Գագիկ Առաքելյան - Բացի այդ, Հակոբ Արշակյանին հանձնարարվել է Մենուա Հովսեփյանի կողմից, որպեսզի ձվեր հավաքագրվի և բաժանվի արդեն խուլիգանության մասնակիցներին: Դրանից հետո Հակոբ Արշակյանը և Մենուա Հովսեփյանը հրահանգավորել են մասնակիցներին, թե ով որտեղ պետք է կանգնի վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում և ովքեր պետք է ձվով հարվածեն վարչապետին սպասարկող ավտոմեքենային։
Այնուհետև տարածք են ժամանել ոստիկանության աշխատակիցները, որոնց հետ նախնական բանակցություններն սկսել է վարել Մենուա Հովսեփյանը:
Գագիկ Առաքելյան - Դրանից մի որոշ ժամանակ անց արդեն վարչապետին սպասարկող ավտոշարասյունը մոտեցել է հավաքվածներին, և երբ վարչապետին սպասարկող մեքենան հասել է այդ տարածք, խուլիգանության մասնակիցներից ոմանք նախնական պայմանավորվածության համաձայն սկսել են ձվերով հարվածել վարչապետին սպասարկող ավտոմեքենային, ինչի արդյունքում ավտոմեքենային պատճառվել է 24 միլիոն 11 հազար դրամի վնաս։
Այսպիսով՝ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և նույնականացվել է դեպքին մասնակից անձանց շրջանակը, որոնց թիվն անցել է 4 տասնյակը:
Գագիկ Առաքելյան - Դեպքին մասնակից են եղել հիմնականում Գորիս համայնքի բնակիչները, որոնք բոլորը փոխկապակցված են եղել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ: Մասնակիցների մեջ եղել են նրա մտերիմ անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք, ինչպես նաև ծառայողական կախվածության մեջ գտնվող անձինք: Այսինքն՝ համայնքապետարանի կամ համայնքապետարանի հետ փոխկապակցված այլ ընկերությունների աշխատակիցներ և նրանց հետ փոխկապակցված անձինք:
Նշենք, որ գործով մեղադրյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Մենուա Հովսեփյանի պաշտպան Էդգար Արամյանը «Լուրերի» հետ հեռախոսազրույցում ասաց՝ հանցանքի կատարման վայրն Ադրբեջանի տարածքն է և այստեղ տարածքային ընդհատության խնդիր կա։
Գագիկ Առաքելյան - Հատկանշական է, որ Մենուա Հովսեփյանի կազմակերպմամբ՝ այս ողջ գործընթացը տեսանկարահանվել և լուսանկարահանվել է, որոնք հետագայում՝ նախաքննության ընթացքում, հայտնաբերվել են համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի անձնական խուզարկության ընթացքում՝ նրան պատկանող էլեկտրոնային կրիչի միջից:
Քննիչն ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանքի վրա, որ թեև դեպքը տեղի է ունեցել Շուռնուխում, սակայն փաստացի շուռնուխցիները մասնակից չեն եղել խուլիգանությանը: Հավելեց՝ մի քանի անձ է միայն ներկա եղել, որոնք փոխկապակցված են համայնքի ղեկավարի հետ։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան