Մոսկվան հոկտեմբերի 29-ից դադարեցնում է թուրքական մանդարինի ներմուծումը Ռուսաստանի տարածք, հայտնում է gazeta.ru-ն։
Ըստ տեղեկության՝ ՌԴ-ում այդ քայլին են գնացել վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը կանխելու համար, մանդարիններում հայտնաբերվել է «քլորպիրիֆոս» թունաքիմիկատի մնացորդ, որի կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը:
Շատերը Ռուսաստանի այս քայլը պատահական չեն համարում, քանի որ այն կիրառվել է Ուկրաինայում թուրքական հարվածային ԱԹՍ-ներ օգտագործելուց հետո: Ռուս փորձագետները, սակայն, այն կարծիքին են, որ, մանդարինի ներմուծման վրա արգելք դնելը համարժեք պատասխան չէ թուրքերին:
Անկարան արձագանքել է այս միջադեպին: Ռուսաստանը լիովին արգելք չի դրել Թուրքիայից մանդարինի ներմուծման վրա, խոսքը թուրք արտադրողներից մեկի մատակարարումները դադարեցնելու մասին է՝ հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունը և ընդգծել, որ Թուրքիան այդ մասին պաշտոնական ծանուցում չի ստացել «Ռոսպոտրեբնադզորից»։