Չինաստանում 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի անցկացմանը մնացել է մոտ 100 օր: Այն կայանալու է 2022 թվականի փետրվարի 4-ին, իսկ երկրում կորոնավիրուսի համավարակի պատճառով նոր լոքդաուններ են սահմանվում, հայտնում է Interfax-ը:
Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ մոտավորապես 6 մլն մարդ Չինաստանում, այդ թվում՝ 4 միլիոնը՝ Գանսու նահանգի Լանչժոու քաղաքում, հայտնվել են մեկուսացման մեջ՝ COVID-19-ի նոր բռնկման պատճառով: Անցած մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է հիվանդության 48 դեպք, իսկ անցած շաբաթվա ընթացքում՝ մոտ 250։
Իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հիվանդության տարածումը զսպելու համար, Պեկինի տասնյակ հազարավոր բնակիչներ կարանտինի մեջ են։ Բնակչությանը կոչ է արվել չեղարկել հարսանեկան արարողությունները, հուղարկավորությունն արագ անցկացնել, բանկետներ ու զանգվածային հավաքույթներ չկազմակերպել։ Չեղարկվել է նաև չվերթերի կեսը Պեկինի երկու հիմնական՝ «Շոուդու» և «Դասին» օդանավակայաններում:
Նախօրեին իշխանությունները կանգնեցրել էին Պեկին մեկնող երկու ճեպընթաց գնացք և թեստավորվելու ուղարկել ավելի քան 450 ուղևորի, երբ պարզվել է, որ գնացքների անձնակազմը կապի մեջ է եղել COVID-19-ով վարակված մարդկանց հետ:
Լրատվամիջոցները նշում են, որ Չինաստանն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որը որդեգրել է COVID-19-ի նկատմամբ «զրո հանդուրժողականության» քաղաքականություն։