Ուկրաինայի դատախազությունը պետական դավաճանության հոդվածով քրեական գործ է հարուցել Ռադայի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության պատգամավոր Իլյա Կիվայի դեմ՝ սոցիալական ցանցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ շնորհավորելու համար։ Այս մասին հայտնել է ուկրաինական «Ուդառ» կուսակցությունը, որը հանդես էր եկել պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի գլխավորած «Ուդառ» կուսակցությունը նամակ էր հղել Ուկրաինայի անվտանգության ծառայության, Հետաքննությունների պետական բյուրոյի և Ուկրաինայի գլխավոր դատախազության ղեկավարներին՝ Կիվայի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։ Կուսակցությունը նաև խորհրդարանի պատգամավորներից պահանջել է Կիվային զրկել պատգամավորական մանդատից, իսկ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդից՝ քննարկել նրա դեմ պատժամիջոց սահմանելու հարցը:
Հոկտեմբերի 7-ին շնորհավորելով ՌԴ նախագահ Պուտինին ծննդյան օրվա առթիվ՝ Կիվան Ռուսաստանի նախագահին համարել է ուկրաինացիների հետ բարեկամ ժողովրդի առաջնորդ և հայտարարել, որ Պուտինը Ռուսաստանին ու նրա ժողովրդին է վերադարձրել երբեմնի մեծությունն ու հարգանքն ամբողջ աշխարհում։ Ուկրաինացի պատգամավորը նաև նշել է, որ ՌԴ նախագահը գրում է սլավոնական աշխարհի և սլավոնական միասնության նոր պատմությունը։