Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների աշխատանքի, զբաղվածության և բնակչության սոցիալական պաշտպանության հարցերով խորհրդատվական խորհրդի հերթական՝ 34-րդ նիստին։
Ռուբեն Սարգսյանը կարևորել է ԱՊՀ դերն անդամ երկրների միջև աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառում համագործակցության զարգացման գործում՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը կշարունակի ակտիվորեն ներգրավվել խորհրդատվական խորհրդի գործունեության բոլոր ուղղություններում։
Նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նախարարության կողմից իրականացվող ու նախատեսվող բարեփոխումները։ Անդրադառնալով Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիների աջակցության ծրագրերին՝ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ ներկայումս իրականացվում է վերջիններիս ուղղված աջակցության 17 միջոցառում։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց զբաղվածության ապահովումը։
«Աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու զբաղվածության մակարդակի բարձրացումը ՀՀ 2014-2025 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի առաջնահերթություններն են։ Ներկայումս իրականացվում է զբաղվածության կարգավորման 9 ակտիվ ծրագիր՝ ուղղված գործազուրկների, այդ թվում՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց մշտական կամ ժամանակավոր զբաղվածության ապահովմանը»,- նշել է Ռուբեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ 2020 թ․ ռազմական գործողություններով և COVID-19 համաճարակով պայմանավորված՝ վերանայվել է սոցիալական աջակցության քաղաքականությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացմանը։ Ռուբեն Սարգսյանն ընդգծել է մասնագիտության ընտրության, երիտասարդների շրջանում զբաղվածության բարձրացմանն ու աշխատաշուկայում նրանց մրցունակության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը, որոնք նպատակ ունեն օգնել երիտասարդներին զարգացնել մասնագիտական հմտություններն ու կարողությունները։
Նախարարի տեղակալը կարևորել է նաև ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ շեշտելով ծնելիության բարձրացման ու բազմազավակ ընտանիքների աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքները։