«Սուրբ Թերեզայի» անվան բժշկական համալսարանում սովորող հնդիկ ուսանողները բողոքում են, որ բուհի ռեկտորը հրաժարվում է տրամադրել ավարտական դիպլոմները:
Կումար Սանդիփ (Հնդկաստանի քաղաքացի) - Մեզ չեն տալիս դիպլոմները: Ասում են՝ ֆեյք ուսանողներ ենք, չենք սովորել, չենք հանձնել քննություններ, բայց մենք ունենք բոլոր փաստաթղթերը, մենք հանձնել ենք պետական քննությունները, ուսման համար վճարել ենք, ամեն ինչ կա: Դու ֆեյք ես, հանցագործ, գնա այստեղից՝ հենց նոր ասացին:
Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում սովորել, որոշել են 5-րդ կուրսը շարունակել և ավարտել այստեղ: Հնդկաստանի քաղաքացին պնդում է՝ սովորել են օնլայն, մեկ տարի: Որոշել են տեղափոխվել, քանի որ այստեղ բժշկական կրթությունն անգլերեն ստանալու հնարավորություն ունեին: Այդպես իրենց ավելի հարմար է, քան ռուսերենը:
Կումար Սանդիփ - Այս տեսանյութում նա ասում է՝ տվեք 1000 դոլար, ես կտամ դիպլոմը, փաստաթղթերը: Կաշառք է ուզում, կարող եմ ուղարկել ձեզ վիդեոն:
Դիպլոմի դիմաց գումար պահանջելու համար Կումարն ասաց՝ դիմել են ոստիկանություն: Բուհի ղեկավարից պարզաբանում ստանալ չհաջողվեց, մեզ թույլ չտվեցին շենք մտնել: Ռեկտոր Լարիսա Համբարձումյանի որդին հեռախոսով ասաց՝ ընդհանրապես չեն ուզում այդ մասին խոսել: Հնդիկ ուսանողների տվյալով՝ այդ պահին թե՛ ռեկտորը, թե՛ նրա որդին շենքում էին: Ոստիկանությունից «Լուրերին» տեղեկացրին՝ Հնդկաստանի երկու քաղաքացի հոկտեմբերի 6-ին և 20-ին հաղորդում են ներկայացրել, որ «Սուրբ Թերեզա» բժշկական համալսարանի ռեկտորը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, ավարտական դիպլոմը տալու համար գումար է պահանջել: Ուսանողներից ապօրինի գումար պահանջելու և ստանալու առերևույթ դեպքերի առիթով հարուցվել է երեք քրեական գործ, որոնք նախաքննության փուլում են:
Արթուր Դանիելյան (Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ) - Բազմակողմանի և լրիվ օբյեկտիվ քննություն իրականացնելու հրամայականով պայմանավորված՝ տրվել է հանձնարարական՝ քննարկվող գործերը միացնելու և մեկ վարույթում գործի հետագա քննությունը շարունակելու համար:
Առաջին անգամ չէ, որ այս բուհի ղեկավարի անունը շրջանառվում է կեղծ դիպլոմների գործով սկանդալային պատմություններում: 2018-ի դեկտեմբերին, մամուլը գրեց, որ Իսրայելում ձերբակալվել է 40 բժիշկ՝ կեղծ դիպլոմներ ներկայացնելու կասկածանքով: Զեղծարարներին բացահայտելու օպերացիան ստացել էր «Սպանելու արտոնագիր» անվանումը: Ըստ հրապարակումների՝ այդ բժիշկների մի մասը դիպլոմ էր ստացել «Հայբուսակ», «Մխիթար Գոշ» և «Սուրբ Թերեզա» համալսարաններից: Համալսարանները հերքում էին ապօրինությունների մեղադրանքները: Թե ի՛նչ իրավական հետևանք ունեցավ այս սկանդալը բուհերի համար, հայտնի չէ: «Լուրերը», սակայն պարզեց, որ Իսրայելի առողջապահության նախարարությունն այլևս չի ճանաչում «Մխիթար Գոշ» համալսարանի բժշկական բոլոր մասնագիտություններով և «Սուրբ Թերեզայի» մեկ մասնագիտությամբ տրված դիպլոմները:
2017-ին էլ «Սուրբ Թերեզայի» ռեկտոր Լարիսա Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել մեկ այլ գործով: Ըստ իրավապահների՝ նա, լինելով ռեկտոր, լիազորությունները համալսարանի շահերին հակառակ օգտագործելով և պետության օրինական շահերին էական վնաս հասցնելով, առանց շրջանավարտների հետ պայմանագրեր կազմելու, հրահանգել է դեկաններին՝ դասընթացներին և ընթացիկ քննություններին ուսանողների բացակայությունները չնշել մատյանում, թույլատրել է նրանց մասնակցել պետական ավարտական քննություններին և տրամադրել է պետական նմուշի ավարտական դիպլոմներ։ Այդ ժամանակ նրան մեղադրանքն առաջադրվել է որպես առևտրային կամ այլ կազմակերպության ղեկավար իր լիազորությունների չարաշահելու համար: Այն ժամանակ դատարանը վճռել էր նրան տուգանել ընդամենը 300 հազար դրամով:
Կրթության նախարարությունը հաստատությանը լիցենզիա է տրամադրել 2001-ին՝ «ստոմատոլոգիա» և «կառավարում» մասնագիտություններով, 2004-ին առողջապահության նախարարությունն է լիցենզիա տվել՝ «դեղագործություն» և «բուժական գործ» մասնագիտություններով:
Աշոտ Արշակյան (ՀՀ ԿԳՄՍՆ լիցենզավորման գործակալության պետ) - Գերատեսչությունը ունի լիազորություն լիցենզիան դադարեցնելու, բայց պետք է լինեն միջնորդություններ, փաստեր: Քննությունն ինչ կպարզի, միջոցներ կձեռնարկվեն: Այս պահին վերահսկողական գործառույթ չունենք, տրամադրված է կրթական տեսչական մարմնին, օրենքի բաց կա, քննարկման փուլում է, որ էդ մասը մտնի իրենց վերահսկողական տիրույթ:
Դատախազ Արթուր Դանիելյանի խոսքով՝ կիրառվում են քրեաիրավական և քրեադատավարական բոլոր մեխանիզմները՝ դեպքերի հանգամանքները պարզելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: