ՀայՓոստն ու Երևանի մետրոպոլիտենը համատեղ կազմակերպում են նամականիշների ցուցահանդես Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:
Ցուցահանդեսը նպատակ ունի ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին:
Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են նամականիշներ և գեղաթերթիկներ, որոնք թողարկվել են 2010-2021 թվականների ընթացքում: Նրանք պատմում են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, բուսական և կենդանական աշխարհի, տեսարժան վայրերի, նշանակալի իրադարձությունների և մարդկանց մասին:
«Շնորհակալ ենք Երևանի մետրոպոլիտենին համագործակցության համար, որի շրջանակում մենք կազմակերպել ենք նամականիշների ցուցադրություն: Սա հերթական անգամ հնարավորություն կտա ճանաչելու նամականիշները, դրանց արժեքը և նշանակությունը հայկական մշակույթի, արվեստի, գիտության պահպանման և փոխանցման գործում: Մեր քաղաքացիները, գտնվելով մետրոյի «Երիտասարդական» կայարանում, կարող են բացահայտել նամականիշների մեծ, հետաքրքիր աշխարհը, ինչպես նաև բարձրացնել հետաքրքրությունը նամականիշների նկատմամբ»,- ասել է «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Ցուցադրված նամականիշների և գեղաթերթիկների շարքում ներկայացված է նաև Հայաստանի առաջին ձայնային մեկ նամականիշով գեղաթերթիկը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը՝ այն հնարավորություն է տալիս վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ:
Ներկայացված են նաև «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում թողարկված և առաջին հորիզոնականեր զբաղեցրած նամականիշները: