Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոկտեմբերի 29-ին մեկ ամսական նորածին է մահացել: Մասնագետներն ասում են՝ երեխայի մոտ Քովիդ էր հաստատվել, բայց նաև ախտորոշվել էր նեկրոտիզացնող էնտերոկոլիտ:
Մարի Դարակչյան, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ - Դա մի ախտորոշում է, որը հանդիպում է նորածին երեխաների մոտ՝ անկախ Քովիդ վարակի առկայությունից կամ բացակայությունից, որից հետո երեխայի մոտ զարգացել է պոլիօրգան անբավարարություն, սեպսիս, գլխուղեղի այտուց, սրտային անբավարարություն և, ի վերջո, որպես վատ հետևանք՝ գրանցվել է երեխայի մահը:
Դարակչյանը դժվարանում է ասել՝ նորածնի մահվան պատճառը Քովի՞դն է դարձել, թե՞ մյուս հիվանդությունը, որովհետև այդ երկուսը հաճախ չէ, որ մեկտեղվում են:
Մարի Դարակչյան - Ամեն դեպքում՝ Քովիդը ծանրացրել է հիվանդության ընթացքը, որովհետև նմանատիպ ախտորոշմամբ նորածիններ լինում են, որոնք, բնականաբար, դուրս են գալիս այդ իրավիճակից, հաղթահարում են հիվանդությունը: Քանի որ, կարելի է ասել, սա առաջին դեպքերից է, երբ կար նեկրոտիզացնող էնտերոկոլիտ և Քովիդ-19 վարակ, այստեղ դժվար է ասել հստակ պատճառահետևանքային կապը:
Մահացած երեխայի մոր մոտ կորոնավիրուս չի հաստատվել, սակայն ընտանիքում եղել են Քովիդով վարակվածներ:
Մարի Դարակչյան - Կարծում եմ՝ պատվաստում չի եղել, հակառակ դեպքում՝ հնարավոր կլիներ կանխել հիվանդությունը մեծահասակների շրջանում, հետևաբար՝ երեխան չէր վարակվի նման փոքր տարիքում և այդպես չէր ծանրանա հիվանդության ընթացքը:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսով հոսպիտալացված է մինչև 40 օրական 17 երեխա։ Նրանցից 9-ի վիճակը կայուն ծանր է, 6-ինը՝ ծանր, 2-ը վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակով: Այս 17 երեխաներից 15-ի մայրերը վարակված են կորոնավիրուսով:
Ի դեպ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու փոքրիկներից մեկի մայրը մահացել է հոկտեմբերի 12-ին՝ Քովիդի հետևանքով:
Հեղինակ՝ Աննա Զախարյան