Լեհաստանի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Զբիգնև Զոբրոն հայտարարել է, որ իր երկիրը չի վճարի Լեհաստանի նկատմամբ Եվրոպական դատարանի սահմանած տուգանքները, գրում է Deutsche Welle-ն։
Լեհական պետությունը «չի տրվի անօրինությանը»՝ ասել է լեհ պաշտոնյան՝ ԵՄ տուգանքները անվանելով «անօրինական պատժամիջոցներ»։
Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ԵՄ դատարանը պարտավորեցրել էր Վարշավային վճարել օրական 1 միլիոն եվրո տուգանք՝ ԵՄ օրենսդրությունը չկատարելու համար։ Լեհաստանի Սահմանադրական դատարանը, որի խնդիրն է ստուգել այլ կանոնակարգերի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը, հոկտեմբերի սկզբին որոշեց, որ ԵՄ մի շարք օրենքներ և որոշ եվրոպական դատարանների որոշումներ հակասում են Լեհաստանի հիմնարար օրենքին: Դատարանը նաև հաստատել է երկրի Սահմանադրության գերակայությունը ԵՄ օրենքների նկատմամբ։ Եվրամիությունը չի ընդունել այդ որոշումը։