Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարը քրեաիրավական ոլորտում հայ-իրանական գործակցության առաջնահերթություններից է, Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«2020 թ. ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ:
2021 թ. առաջին 9 ամիսների տվյալներով քննվող նման գործերի քանակը կազմել է 12, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում՝ ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի:
Ընդ որում՝ եթե 2017-2020 թթ. ընկած ժամանակահատվածում միայն ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից Հայաստան ապօրինի ներմուծված 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ապա միայն 2021 թ. մաքսակետում հայտնաբերվել է 451 կգ թմրամիջոց:
Ընդհանուր առմամբ 2021 թ. ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու երկու դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կգ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կգ հերոին տեսակի թմրամիջոց։
Նախընթաց տարիներին ակտիվ պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ: Սկսած 2016 թվականից՝ բայցահայտվել է նման 7 դեպք, որոնցից 3-ը հայտնաբերվել և դրանցով հարուցված քրեական գործերով քննություններն իրականացվել են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, իսկ 4-ը՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից: Իրանից Արցախ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված և բացահայտված ապօրինի թմրամիջոցների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 28 կգ:
Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:
Հաշվի առնելով, որ թմրամիջոցների մաքսանենգությունը, ապօրինի շրջանառությունը համարվում են բարձր լատենտայնություն ունեցող հանցագործություններ՝ վերոնշյալ ցուցանիշներն ակնհայտորեն փաստում են, որ ԻԻՀ-ից ՀՀ ինչպես միջպետական սահմանով, այնպես էլ մինչև 2020թ. արցախյան պատերազմը Արցախի տարածքով մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դեմ պայքարը, նաև Իրանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, տարեցտարի դարձել է առավել հետևողական և արդյունավետ:
Այդ մասին են վկայում նաև թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային կառույցների արձագանքները: Մասնվարորապես, 2021թ. մարտին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակից (ՄԱԹՀՊԳ) ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել գրություն, որով, գոհունակություն հայտնելով Եվրոպա տեղափոխելու համար Իրանից Հայաստան ներմուծված թմրանյութի մեծաքանակ խմբաքանակը ՀՀ իրավապահ մարմինների կողմից բացահայտելու և առգրավվելու կապակցությամբ, ՄԱԹՀՊԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին ինչպես տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված ծառայողների մասնագիտական կարողությունների կատարելագործման, այնպես էլ Իրանի, նպատակակետ երկրների հետ գործակցությամբ ապացույցների ձեռքբերման եղանակներով:
Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի վերջին շրջանի ակտիացումը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության սերտացմամբ:
Այդ պայքարի համատեքստում երկկողմ համագործակցության ընդլայնման խնդիրը առանձնահատուկ քննարկման առարկա է դարձել ինչպես 2019թ և 2021թ. փոխադարձ այցելությունների, այնպես էլ միջազգային ընդգրկման մի քանի համաժողովների ընթացքում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների միջև կայացած հանդիպումների և բանակցությունների օրակարգում:
Մասնավորապես, ԻԻՀ գլխավոր դատախազի՝ հոկտեմբերի 12-15-ը ՀՀ կատարած այցի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև սահմանային մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու հնարավորության և հեռանկարների, ինչպես նաև նման հանցագործություն կատարելու մեջ մերկացված անձանց քրեական պատասխանատվության ենթարկման, պատժի կրման հետ կապված հարցերը: Բացի այդ, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի, նման դեպքերով հարուցված քրեական գործերի քննության առանձնահատկությունների, դրանց շրջանակներում փոխադարձ օժանդակության խնդիրն ընկած է ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագրից բխող միջոցառումների հիմքում:
Վերոնշյալ փաստերը վկայում են, որ թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանք-հայտարարությունները (առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու), որոնք հնչել են հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում, իրականության հետ որևէ աղերս չունեն, մտացածին են, զուրկ որևէ փաստական հիմքից, հետապնդում են ՀՀ-ին և ԻԻՀ-ին վարկաբեկելու անթաքույց, սակայն ի սկզբանե ձախողման դատապարտված նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն:
Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ անում է մի պարագայում, երբ ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարակված
զեկույցի՝ եթե Հայաստանն ընդգրկված է եղել 2015–2019 թթ. կոնկրետ Հերոին տեսակի թմրամիջոցի ծագման և տարանցման ոչ հիմնական երկրների ցանկում, ապա Ադրբեջանը՝ հիմնական երկրների ցանկում»,- գրել է Աբրահամյանը: