Հյուսիսային պողոտայի շարժական պատվաստման կայանում օրվա 81-րդ և 82-րդ պատվաստվողներն են տիկին Զինան և ամուսինը: Բժշկի ցուցմամբ՝ պատվաստվելուց հետո 10 րոպե նստել են, որ հետո շարունակեն ճանապարհը:
Երկրորդ դեղաչափն են ստացել, դեռ կորոնավիրուսով չեն վարակվել և հույս ունեն, որ չեն էլ վարակվի:
Ժամը 12:00-ից աշխատանքն սկսած Հյուսիսային պողոտայում գտնվող շարժական կայանում աշխատանքային ժամի ավարտին մոտ դեռ սպասողներ կան: Լաուրան ևս երկրորդ դեղաչափն ստանալու համար է հերթում: Հետո արդեն, ըստ կարգի, ճնշման, սատուրացիայի ստուգում, բժշկական թերթիկի հարցերին պատասխան և ներարկում:
Հոսքն անընդհատ է, հատկապես վերջին ամսվա ընթացքում՝ նշում է կետերի համակարգողը:
Երևանում 5 շարժական կայան է գործում: Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ.
Հյուսիսային պողոտա («Տաշիր սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատված) 12:00-16:30
ԵՊՀ` 11:30-15:30
«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00
Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30
Կասկադ համալիր` 13:00-16:30
«Ռոսիա մոլ»` 16:00-20:00
«Ռոսիա մոլի» կայանում աշխատանքը նոր է մեկնարկելու. առաջին 5 պատվաստվողն են մոտենում, իսկ պատվաստման սրահի մուտքի մոտ հերթ է, հերթում՝ դժգոհողներ: Տատիկը չներկայացավ, ասում է՝ պոլիկլինիկայում հերթագրվել է՝ հերթը ուշ էր հասնելու, որոշել է շրջիկ կետում պատվաստվել, Կասկադում հերթը չէր հասել, հիմա «Ռոսիա մոլում» է սպասում: Դեռ չգիտի հերթում որ համարն է: Այսպիսի հերթեր ամեն օր են լինում՝ նշում է պատվաստման շարժական կայանների համակարգող Հայկ Միլիտոնյանը:
Նման կայաններ կան նաև Վանաձորում և Գյումրիում: Կայաններն աշխատում են շաբաթ և կիրակի օրերին ևս:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան