Մանվել Սահարյանի այգում վաղ գարնան ցրտահարության հետքերը ուշ աշնանն էլ դեռ նկատելի են: Ցրտահարված ճյուղերն այլևս բերք չեն տա՝ ասում է Մանվելը: Մեկ հեկտար այգում վաճառքի բերք չէր մնացել: Բարեբախտաբար, այգին ապահովագրել էր:
Մանվել Սահարյան (այգեգործ) - Էրել ենք բաղափոր, չորս հատ բուժում եմ էրե, մանր-մունր բաներ կա, էտը գարնանը ամենակարևորն ա:
Որքա՞ն փոխհատուցվեց: Հատուցվել ա 890 հազար ա:
Կարկտահարությունից, ցրտահարությունից խուսափելն անհնար է,- ասում է Մանվելը,- լավ է, որ անցած տարիների նման բնության արհավիրքների դիմաց մենակ չեն: Գյուղատնտեսական ապահովագրությունը վաղուց պետք է գործեր՝ ասում է այգեգործը:
Մանվել Սահարյան - Էլի եք ապահովագրելու: Անպայման, ոնց էլ չլինի՝ ապահովագրությունը ինչ-որ տեղ մեղմում ա:
Տարին ավարտվում է, սակայն ապահովագրական ընկերությունները դեռ շարունակում են փոխհատուցել գյուղացիների կրած վնասները: 2020-ից ընդամենը երկու մշակաբույսով մեկնարկած գյուղատնտնտեսական ապահովագրության ծրագրով արդեն ապահովագրում են 11 մշակաբույս: Դրանցից 3-ն սկսել են ապահովագրել այս տարվանից:
Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մշակման վարչության պետ) - Եթե համեմատական ենք անցկացնում 2021 թվականը 2020 թվականի արդյունքներով՝ տեսնում ենք, որ շուրջ երեք անգամ շատ պոլիս է վաճառվել:
2020-ին վաճառվել էր 1546 ապահովագրական պայմանագիր, 2021-ին այդ թիվը հասավ 4300-ի՝ շուրջ 5800 հեկտար մշակաբույսերի համար:
Իռա Փանոսյան - Կարողացանք երկու տարվա մեջ արդեն իսկ հասնել 11 մշակաբույսի ապահովագրության և եթե սկսեցինք մի քանի մարզերի ապահովագրությունից, արդեն հիմնական մշակաբույսերը գրեթե ընդգրկում են Հայաստանի բոլոր մարզերը:
Ապահովագրական համակարգի գործիքները տարեցտարի բարեփոխվում են՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների առաջարկները: Լոռի, Շիրակ, Արմավիր, Գեղարքունիք՝ սրանք այն մարզերն են, որտեղ ապահովագրությունն ակտիվ է եղել:
Իռա Փանոսյան - Առավել շատ ապահովագրական պոլիսներից վաճառվել է հացահատիկի, ծիրանի, խաղողի և կարտոֆիլի ապահովագրական պոլիսները:
Ընդհանուր առմամբ, մինչև հոկտեմբերի 1-ը շուրջ 305 մլն դրամ արժողությամբ 1440 ապահովագրական պայմանագիր է փոխհատուցվել: Մարդիկ իրենց բերքն ամենաշատը ապահովագրել են կարկուտի ու հրդեհի ռիսկից: Այս տարվա փոխհատուցված մշակաբույսերից մեծ մասը տրվել է հացահատիկի, ծիրանի, խաղողի վնասների դիմաց: Բերքահավաքին զուգահեռ գործընթացը դեռ շարունակվում է: Հիմա քննարկում են կարկուտից, հրդեհից և ցրտահարությունից բացի, հաջորդ տարիների համար ապահովագրել նաև երաշտի ռիսկից: