Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակ է տոնել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Տոնականյանը:
60 կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը մենամարտել է Մալիի ներկայացուցիչ Աբդուլ-Քարիմ Բաթիլի հետ և երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկել նրան։
Մենամարտի առաջին իսկ րոպեից Տոնականյանը տիրել է ռինգի կենտրոնին՝ մրցակցին զրկելով ազատ գործելու հնարավորությունից: 2-րդ ռաունդում մեր մարզիկն ավելացրել է ճնշումը:
3-րդ ռաունդի մեկնարկում Տոնականյանի ձախ կողային հարվածից մրցակիցը ցնցվել է, ռինգի մրցավարը դադարեցրել է մենամարտը, իսկ մրցաշարի պատասխանատու բժիշկը մրցակցի առողջությունից ելնելով՝ թույլ չի տվել շարունակել մենամարտը: Տոնականյանը 1/8 եզրափակչում է: