Մուտքը պաշտպանական գերատեսչություն՝ միայն դիմակով: Զինվորական կարգն անփոփոխ է. այսպես յուրաքանչյուրին են դիմավորում՝ ջերմաչափում, գրանցում, ճանապարհում:
Վարակը չի շրջանցել նաև բանակը: Պաշտպանության նախարարությունում Քովիդի տարածման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Երկրորդ պատվաստումն են ստանում:
Սամվել Ասատրյան, ՀՀ ԶՈՒ ԳՇ տեղեկատվության բաժնի պետ - Բանակը պետք է պաշտպանված լինի, առողջ լինի, որ կարողանա պաշտպանել:
Վարակից պաշտպանող միջոցառումների արդյունքը տեսանելի է, թվերն են փաստում՝ վստահեցնում է ռազմաբժշկական վարչության պատասխանատուն. քաղաքացիական բնակչության հետ համեմատ՝ դեպքերը բանակում անհամեմատ քիչ են, վերահսկելի:
Գեղամ Փաշիկյան, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար - Կիրառվել են որոշակի սահմանափակումներ, ինչի համար ուզում եմ ծնողների ներողամտությունը հայցել: Տեսակցությունները, ազատ արձակումները, արձակուրդներն արգելվել են: Դրանով մենք փորձում ենք հնարավորինս զերծ պահել զինծառայողներին բնակչության հետ շփումից, որպեսզի քիչ դեպքեր ունենանք:
Քովիդի դեմ պատվաստումները բանակում ապրիլ-մայիսից են սկսվել: Սկզբում՝ սպաներ, ենթասպաներ, պայմանագրայիններ: Վերջին մեկ ամսվա ընթացքում պատվաստումների ցուցանիշը բարձրացել է:
Գեղամ Փաշիկյան - Յուրաքանչյուր օր 1-2 տոկոս պատվաստվածների թվի աճ ունենք: Զորամասեր կան, որ 97-98 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք: Կան, որ ավելի քիչ, բայց, ընդհանուր առմամբ, բավարար է: Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կունենանք լավագույն ցուցանիշները:
Բանակի առողջության պատասխանատուի խոսքով՝ պատվաստումների վիճակագրությունը ցույց է տալիս՝ էֆեկտիվությունը բարձր է. պատվաստված զինծառայողների՝ ծանր ընթացքով հիվանդության դեպքեր չունեն:
Գեղամ Փաշիկյան - Կարող եմ մի օրինակ բերել. այն զորամասում, որտեղ 97 տոկոս պատվաստված են, վերջին ալիքի ժամանակ ոչ մի դեպք չենք ունեցել: Բանակում, ինչպես կորոնավիրուսային, այնպես էլ ցանկացած պատվաստում ստիպողաբար չէ: Ներկայում պատվաստվում են պայմանագրայինները, քանի որ նրանք շփվում են քաղաքացիական բնակչության հետ:
Պաշտպանության նախարարությունում, ինչպես զորքերում, դեղորայքի, պատվաստանյութի խնդիր չունեն, ունեն բոլոր տեսակները: Ձմեռային զորակոչին ընդառաջ՝ հակահամաճարակային միջոցառումները զորքերում շարունակվում են թե՛ Քովիդից առաջ, թե՛ հիմա: