Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններն այսօր խոշորացույցի տակ էին: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները շարունակում են պայքարը համավարակի տարածման դեմ. տեսուչները հասարակական տրանսպորտը, տաքսիները ստուգում, ընթացքում նաև այլ խախտումներ են արձանագրում:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժնի փորձագետ) - Բուժակի, մեխանիկի կնիքները բացակայում են, որը պարտադիր է, և առավոտյան վարորդը պետք է բուժզննում անցնի, մեքենան մեխանիկական ստուգումները պետք է անցնի, որ սարքին վիճակում է լինում:
Առանց դիմակի վարորդը կամ ուղևորը տուգանվում է 10 000 դրամ: Պատասխանատվության է ենթարկվում նաև երթուղին սպասարկող ընկերությունը:
Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱՏՄ հանրային կապերի բաժնի պետ) - Ուղևորափոխադրում իրականացնող տրասնպորտային միջոցի տնօրինությունը ևս ենթարկվում է վարչական պատասխանատվության, քանի որ իրենք տեղեկացված են, իրենց բազմիցս իրազեկել ենք, որ վարորդները պետք է բացառեն առանց դիմակի ուղևորների նստեցումը:
Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը գերբեռնված է թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան: Տեսուչները հիմնականում գլխավոր փողոցներում պարեկների հետ ստուգում են ոչ միայն ախտահանիչ միջոցների, դիմակների առկայությունը, այլև վարորդի փաստաթղթերը: 39 համարի երթուղու բոլոր ուղևորները դիմակով էին, մեքենայում ախտահանիչ միջոցներ էլ կային, բայց նրանց իջեցրին, արձանագրություն կազմեցին:
Գոռ Հարությունյան - Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը ժամկետանց է՝ ս.թ. հոկտեմբերի 1-ին արդեն իսկ լրացած է եղել: Տեսեք՝ ուղևորներն իջնում են, ոստիկանների միջոցով տվյալ տրանսպորտային միջոցը կտեղափոխվի հատուկ պահպանվող տարածք:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից քաղաքացիներին հորդորում են՝ հասարակական տրանսպորտից օգտվելիս պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրելով, մեքենայում սոցիալական հեռավորություն պահելով կանխել վիրուսի տարածումը: