Այսօր Փսորիազի համաշխարհային օրն է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ողջ բժշկական հանրությունը նման օրերն օգտագործում է իրազեկման, տեղեկատվության բարձրացման նպատակով, որն ուղղված է փսորիազ ունեցողների առողջական վիճակը բարելավելուն:
Փսորիազը քրոնիկական հիվանդություն է, ցավոք, այն դեռևս համարվում է անբուժելի, սակայն բժշկագիտության ձեռքբերումներն այս բնագավառում շատ մեծ են. ընդամենը 70 տարվա ընթացքում մեծ թռիչք է կատարվել փսորիազի բուժման հարցում: Փսորիզը վարակիչ հիվանդություն չէ, սակայն հասարակության կողմից նման խնդիր ունեցողները հաճախ արժանանում են խտրական վերաբերմունքի:
Հիվանդությունը հիմնովին բուժման չի ենթարկվում, բայց ճիշտ և հետևողական խնամքի պարագայում` գործնականում կարելի է հասնել առողջ վիճակի, պարզապես անհրաժեշտ է դիմել բժիշկ-մասնագետի:
Պետք է հիշել, որ ընդամենը մի քանի օրում հրաշալի արդյունք հնարավոր չէ ստանալ. մի՛ դիմեք անհասկանալի բուսաբուժական մեթոդների, մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ:
Դիմե՛ք մաշկաբանների: Եղե՛ք առողջ և տեղեկացված: