«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության շրջանակներում Հայաստանում գտնվող ԱԶԲ տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցը, հիմնադրամի և ԱԶԲ այլ ներկայացուցիչներ այսօր այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածներ։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:
Տրանշ-2-ի՝ Ագարակ համայնքի մոտ հնագիտական տեղանքը շրջանցող ավտոճանապարհի մոտ 8 կմ (կմ 29+600-կմ 37+544.68) հատվածում վերջիններս անդրադարձել են հողերի օտարմանն առնչվող խնդիրներին։ Դիտարկվել են նաև Տրանշ-2-ի մյուս 34 կմ-ում նախկին կապալառուի կողմից կատարված աշխատանքները, քննարկվել են Տրանշ-2-ի տվյալ հատվածի վերանախագծման հետ կապված հարցեր։
Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածում հանդիպում է կայացել կապալառու կազմակերպության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ, ծանոթացել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) և Տրանշ-3-ի Թալին-Լանջիկ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և ԱԶԲ կողմից։