Ամերիկյան Bloomberg-ի հետ զրույցում աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան մեծացրել է նախապատրաստական աշխատանքները Ռոժավայում ռազմական գործողություն սկսելու համար։ Ըստ աղբյուրներից մեկի՝ Թուրքիայի նպատակը Քոբանին գրավելն է, որպեսզի վերահսկողության տակ վերցնի Եփրատի արևելքն ու արևմտյան շրջանները։
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ «Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակցի դեմ հնարավոր հարձակման համար ամրացնում է իր զորքերը Սիրիայում» վերնագրով հոդվածում։
Երկու թուրք պաշտոնատար անձանց խոսքով ՝ Թուրքիան մեկ գիշերվա ընթացքում հարյուրավոր զինծառայողներ է տեղակայել Սիրիայի հյուսիսում՝ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդական զինյալների դեմ վաղուց կասեցված հարձակմանը նախապատրաստվելու շրջանակներում:
«Թուրքիան ցանկանում է վերահսկել 910 կիլոմետր երկարությամբ սահմանի երկու երրորդը։ Եփրատի արևելքը և արևմտյան շրջանները վերահսկողության տակ վերցնելու համար Անկարան պետք է գրավի Էլ Արաբը (Քոբանի)»,- նշել է անանուն աղբյուրներից մեկը։ Մյուս աղբյուրն էլ հավելել է, որ Թուրքիան նպատակ ունի վերցնել նաև Ազեզի մոտակայքում գտնվող «Մենաղ» ավիաբազան։
Թուրք պաշտոնյաները բացահայտել են Էրդողանի ծրագիրը. Անկարան որպես մարտավարական հնարք հայտնել է Իդլիբի հարավային M4 ավտոճանապարհի որոշ շրջաններից թուրքական զինուժի հետ քաշվելու մասին, որպեսզի Մոսկվան բացահայտ դեմ դուրս չգա Թուրքիայի պատերազմական ծրագրերին։
Bloomberg-ի աղբյուրները կանխատեսել են, որ այդ քայլով Էրդողանը կարող է ամրապնդել ներքին աջակցությունը և ճնշում գործադրել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի վրա՝ քրդական զորքերին վերահսկելու հարցում: Նրանք միաժամանակ չեն բացառել, որ Էրդողանի քայլերը կարող են մեծացնել ԱՄՆ-ի և Թուրքիայի՝ միմյանց դեմ դուրս գալու ու դոլարի նկատմամբ թուրքական լիրայի՝ էլ ավելի արժեզրկման ռիսկերը։