Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի ֆոնին, քաղաքացիներին կոչ է արել «միացնել ուղեղը» և սկսել պատվաստվել, գրում է gazeta.ru-ն։
«Ես շատ եմ խնդրում, որ միասին անջատենք սոցիալական ցանցերը հենց պատվաստումների հարցով և միացնենք մեր ուղեղը։ Պետք է պատվաստվել, քանի որ այսօր դա է միակ լուծումը։ Պետք է վախենալ ոչ թե լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տարածվող պատմություններից, այլ վիրուսից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա հավելել է, որ երկրի իշխանություններն ակնկալում են COVID-19-ից պատվաստումների մակարդակը հասցնել օրական գրեթե 300 հազարի։
Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 26870 դեպք (որից 1824-ը՝ երեխա, 491-ը՝ բուժաշխատող), մահացել է 648 մարդ, ապաքինվել է 9784 հիվանդ։
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել էր, որ գերատեսչությունը կանխատեսում է COVID-19-ից օրական մինչև 1000 մահ։