Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալու Իրանի հետ միջուկային բանակցություններին և ակնկալում Է Թեհրանի պատասխան պատրաստակամությունը, հինգշաբթի ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, գրում է Interfax-ը։
Այս տարվա ապրիլից հունիս Իրանը և մի շարք համաշխարհային տերություններ Վիեննայում անցկացրել են բանակցությունների վեց փուլ՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) վերականգնման նպատակով։ Բանակցությունները ներկայումս դադարեցված են, իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ Թեհրանը պատրաստ կլինի շարունակել բանակցությունները երկրի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալությունից և նոր կառավարության ձևավորումից հետո:
Օգոստոսի 5-ին երդմնակալության արարողության ժամանակ Իրանի նախագահը հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններին և կաջակցի դիվանագիտական նախաձեռնություններին՝ պայմանով, որ ԱՄՆ-ը չեղարկի պատժամիջոցները։