Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սաթրոսյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական գործը դատախազությունն այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան: Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2005 թվականից Դիլիջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Սանթրոսյանը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով համայնքի տարբեր պաշտոնյաների հետ, 2006 թվականին հայտարարել է Դիլիջանի Մյասնիկյան 66 հասցեում գտնվող բազմահարկ վարչական շենքի՝ շուկայականից անհամեմատ ցածր մեկնարկային գնով, 40 տարի ժամկետով, վարձակալությամբ տրամադրելու մրցույթ՝ շենքի կապիտալ նորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով:
Որպես մրցութային հանձնաժողովի նախագահ տեղյակ է եղել կապիտալ նորոգման ծրագրի բացակայության մասին, սակայն կազմակերպվել է ձևական մրցույթ: Շինությունը, ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրով, տարեկան մոտ 1.5 միլիոն դրամով, 40 տարի վարձակալության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի դստեր անունով հիմնադրված ընկերությանը:
Ըստ նախաքննական մարմնի՝ Սանթրոսյանը չի վերանայել կամ լուծել համայնքի համար ակնհայտ անշահավետ պայմաններով կնքված և մինչև 2018 թ. սեպտեմբերի 6-ը գործած վարձակալության պայմանագիրը, որի հետևանքով շենքի տարածքների վարձակալությունից հավաքագրված 70 միլիոն դրամից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 17 միլիոնը: Համայնքին պատճառվել է 46.5 միլիոն դրամի վնաս:
Բացի այդ, աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի փաստացի ղեկավարած ընկերության օգտին իր լիազորությունները չկատարելու համար Դիլիջան համայնքի նախկին ղեկավարը ստացել է 19 միլիոն դրամ կաշառք, որի ծագումը, տեղաշարժը և պատկանելությունը թաքցնելու նպատակով 13 միլիոնն ուղղել է իր վարկային պարտավորությունների կատարմանը, իսկ 3 միլիոն դրամը կանխիկացրել:
Քննությամբ պարզվել է նաև, որ Արմեն Սանթրոսյանը համայնքապետարանի հաշվեկշռում ընդգրկված էքսկավատորը և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը պարբերաբար, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է իր մտերիմին՝ արտադրական կոոպերատիվի նախագահին:
2017 թ. ապրիլի 1-ին կնքվել է ձևական համաձայնագիր՝ ավտոմեքենաները իր մտերիմի տարածքում կայանելու վերաբերյալ՝ մինչև համայնքային ավտոպարկի կառուցումը: Սակայն ավտոպարկի կառուցումից հետո ավտոմեքենաները չեն վերադարձվել համայնքային ավտոպարկ և մինչև 2019 թ. սեպտեմբեր անհատույց շահագործվել են:
Իսկ երբ իրավապահները պարզել են տեղի ունեցածը, Արմեն Սանթրոսյանը հետին ամսաթվով կազմել է պաշտոնական կեղծ փաստաթուղթ՝ իբր նշված էքսկավատորը կոոպերատիվին օրական 25000 դրամով վարձակալության է հանձնվել:
Բացի այդ, չունենալով ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու, ինչպես նաև համայնքի գույքն օտարելու լիազորություն, Սանթրոսյանը 2013-2016 թվականներին կնքել է 4 պայմանագիր, որոնց հիման վրա՝ Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներից առաջացած 21.205 խմ ավազակոպճային խառնուրդը անհատույց տրամադրել է իր մտերիմին պատկանող կոոպերատիվին, իսկ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար նախատեսված բնօգտագործման գումարը չի գանձվել, որի հետևանքով պատճառվել է ավելի քան 2 միլիոն դրամի վնաս:
«Լուրերը» կապ հաստատեց Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի հետ, որը լսելով մեր հարցերը առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց պատասխանելուց: