Արցախից տեղահանված կամ տունը կորցրած քաղաքացիները աջակցություն կստանան Հայաստանի կառավարությունից. նոր նախագիծն արդեն հասատվել է: Միջոցառման շահառու կհամարվեն 300 և 250 հազար դրամ աջակցություն ստացած, 2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին Արցախում կամ Հայաստանում գտնվող անձինք: Դիմումներն ընդունվում են այսօրվանից:
Անահիտ Գալստյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ) - Ծրագրի շրջանակում աջակցություն կտրամադրվի 4 ամսվա համար՝ 2021 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր: Քանի որ մի քիչ առաջ ենք եկել արդեն, միանվագ կվճարվի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար, հետո արդեն նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին՝ յուրաքանչյուր ամսվա համար իր գումարը կվճարվի:
Արցախի օկուպացված Մադաթաշեն գյուղից Գասպարյանների ընտանիքը դրամական աջակցությունը ներդրել է գյուղատնտեսության ոլորտում: Տարեսկզբին բադեր և գոճիներ են գնել, որ հիմնական եկամուտ ունեն:
Սերժիկ Գասպարյան (տեղահանված) - 300 հազար դրամները, որ պետությունը տրամադրել է, աշխարհազորից 200 հազար դրամ եմ ստացել, խոզեր, բադեր, հավեր ու հնդկահավեր ենք գնել: Թոռներս Հայաստանից եկել են, մշտապես թարմ ձու են կերել, նույն կերպ նաև մնացածը՝ բանջարաբուծությունից պոմիդոր, վարունգ, պղպեղ ենք հավաքել, այն ամենը, ինչ մեզ պետք է:
Ծրագրի շահառուներն ամսական 25 հազար դրամ կստանան: Երեխաները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում աջակցությունը կկազմի 50 հազար դրամ: Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում:
Անահիտ Գալստյան - Այն երեխաները, որոնք ծնված են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո և, ասենք, ծնվել ենք ապրիլ, մայիս ամիսներին ու չեն ստացել նախորդ միջոցառումների շրջանակում այդ 300 կամ 250 հազար դրամը, նրանք ևս կստանան այս միջոցառման շրջանակներում՝ աջակցության գումարներ: Աջակցությունը տրամադրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, այսինքն՝ յուրաքանչյուր անձի համար է նախատեսված:
Հայաստանի Կառավարության օժանդակությունից զատ, պատերազմի սոցիալական և տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով որոշակի սոցիալական խմբերի 50 հազար դրամի չափով միանվագ աջակցություն կտրամադրի նաև Արցախի կառավարությունը:
Մարիա Աթանեսյան (Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության իրավաբանական բաժնի պետ) - Ծրագրով նախատեսվում է դրամական օգնություն տրամադրել Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխաներին:
Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, այժմ Արցախի Լուսաձոր համայնքում հաստատված Ռազմիկ Իսրայելյանն ասում է՝ կորցրել են ամեն ինչ: Դրամական աջակցության կարիք դեռ ունեն, որ նորից զրոյից սկսեն:
Ռազմիկ Իսրյալեյան (տեղահանված) - Ամեն ինչ թանկ է, և ամեն ինչ գնել ենք: Գյուղացի թե քաղաքացի լինի՝ տանը ինչ հարկավոր է, պիտի լինի: Գումարը հիմնականում այդպես է ծախսվում:
Շրջանառվող նախագծով նախատեսվում է Արցախի կառավարության աջակցությունը տրամադրել դեկտեմբերին: