Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 67,832.0 հազար դրամ հատկացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում խմելու ջրագիծ կառուցելու համար սուբվենցիա տրամադրելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ Ենոքավան համայնքում 159 ընտանիք՝ շուրջ 545 մարդ, խմելու ջուր չունի: Բնակիչներն օգտվում են գյուղամիջյան ծորակից, որի թողունակությունը ցածր է: Ջրագծի ընդհանուր արժեքը կազմում է 83832,5 հազար դրամ, որից համայնքի ներդրումը կկազմի 16,0 մլն դրամ:
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Արգիճի և Աստղաձոր գետավազանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգման խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիմնավորման համաձայն՝ Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցումը մեծապես կնպաստի Գեղարքունիքի մարզի ոռոգման համակարգի զարգացմանը, բնապահպանական մի շարք խնդիրների կարգավորմանը, էլեկտրաէներգիայի խնայողությանը: Մասնավորապես՝ 6.5 մլն խմ Արգիճիի ջրամբարի կառուցմամբ հնարավոր կլինի ամբողջությամբ հրաժարվել մեխանիկական եղանակով ոռոգման ջրի մատակարարումից և 1206 հա հողերի ոռոգումը փոխադրել ինքնահոս եղանակի, բարձրացնել ներկայում ինքնահոս եղանակով ոռոգվող 2806 հա ոռոգելի հողերի ջրապահովվածությունը՝ ապահովելով կայուն ջրամատակարարում ոռոգման ողջ շրջանում, լրացուցիչ ոռոգելի դարձնել (ինքնահոս եղանակով) ևս շուրջ 1000 հա մշակովի հողատարածքներ, ջրամբարից ներքև ընկած գետահունային հատվածներում ապահովել կայուն ջրահոսքեր` վերացնելով գարնան ու աշնան վարարումների ամենամյա բացասական հետևանքները, առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ջրամբարից ներքև գետահունի էկոհամակարգի կենսատևման համար: