Պենտագոնի պատվիրակությունն Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից հետո F-35 կործանիչների ծրագրից Թուրքիայի բացառման հետևանքով ի հայտ եկած տարաձայնությունների շուրջ: Այս մասին ասված է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ քննարկումներն արդյունավետ են եղել, և պատվիրակությունները նախատեսում են առաջիկա ամիսներին նորից հանդիպել Վաշինգտոնում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Գլազգոյում Ջո Բայդենի հետ կայանալիք բանակցությունների գլխավոր թեման կլինեն F-35 կործանիչների հետ կապված հարցերը: Նա նշել էր, որ թուրքական կողմն այդ ինքնաթիռների համար արդեն վճարել 1,4 մլրդ դոլար, և ամերիկյան կողմը պետք է վերադարձնի այդ գումարը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչն իր հերթին նշել էր, որ կամ Թուրքիան պետք է վերադառնա F-35-երի ծրագրին, կամ ԱՄՆ-ը պետք է վերադարձնի 1,4 մլրդ դոլարը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պահանջով Թուրքիան դուրս էր մնացել F-35-երի արտադրության ծրագրից, երբ գնել էր ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը։ Բացի այդ, ԱՄՆ-ն հրաժարվել էր Թուրքիային հանձնել արդեն իսկ նրա գնած, բայց դեռևս ԱՄՆ-ում գտնվող 5 ինքնաթիռները, ինչպես նաև դադարեցվել էին ծրագրի շրջանակներում թուրք օդաչուների վերապատրաստումը։