ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին ներկայացրեց իրավիճակի հետ կապված Կառավարության ռազմավարական պատկերացումը:
«Կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների, այլ երկու ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը: Չի բացառվում, որ այստեղ նոր որոշումներ կայացնենք, չի բացառվում, որ առաջիկայում գնանք նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ռազմավարության երկրորդ ուղղությունը պատվաստումների ծավալն ընդլայնելն է:
«Ցավոք սրտի, այս պահի դրությամբ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, ունենք կալանավորված անձինք՝ պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար: Մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութի սրվակը բացում են, ուղղակի դատարկում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: