Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ որպես տուժող պետք է հարցաքննվեին Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանն ու նրա որդին: Նրանք պետք է ցուցմունք տային 13 տարի առաջ իրենց առանձատան վրա կատարված ավազակային հարձակման գործով: 2008-ին հարձակումը կազմակերպելու համար մեղադրվում է Ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը: Գործով մեղադրյալ է նաև նրա փեսան՝ Սուրեն Ղազարյանը:
Ավետիսյանը, որը մեկ ամիս առաջ վերադարձել էր Հայաստան և վարակվել կորոնավիրուսով, արդեն հասցրել է հեռանալ երկրից, ինչպես նրա ներկայացուցիչն է ասում՝ երկար ժամանակով: Մեղադրյալի պաշտպանը տուժողին բերման ենթարկելու անհրաժեշտություն տեսավ:
Բացի հայր և որդի Ավետիսյաններից, դատարան չէին ներկայացել նաև այս գործով նախկինում դատապարտված Նիկոլայ Խաչիկյանն ու վկա Տիգրան Խաչատրյանը: Ոստիկանությունը նրանց մի քանի ամիս է՝ չի կարողանում հայտնաբերել: Նախորդ նիստին դատարանը դիմել էր ոստիկանապետին, սակայն ապարդյուն: Ըստ ՍԵԿՏ համակարգի՝ Խաչատրյանը գտնվում է Հայաստանում:
Մեղադրող դատախազն առաջարկեց հարցում ուղարկել նաև Նիկոլայ Խաչիկյանի վերաբերյալ, դրանից հետո նոր միայն քննարկել նրանց նախաքննական ցուցմունքները հետազոտելու հարցը: Պաշտպանական կողմը, սակայն, այստեղ միտում է տեսնում՝ պնդելով, որ ոստիկանությունը չի կատարում իր գործառույթները: Դատարանը որոշեց կրկին դիմել ոստիկանապետին՝ խնդրելով համապատասխան հանձնարարություններ տալ՝ վկաների ներկայությունը հաջորդ նիստին ապահովելու համար:
Տաթևիկ Գրիգորյան, դատավոր - Դատարանը նաև որոշում է քրեական ոստիկանությունից պահանջել և ստանալ Նիկոլայ Խաչիկյանի, ինչպես նաև տուժողներ Ավետիսյանների սահմանահատումների պատմությունը՝ պարզելու համար նրանց ՀՀ-ում գտնվելու հանգամանքը:
Դատարանը ձեռնպահ մնաց տուժողների նկատմամբ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց: Մինչ նիստը հետաձգելը, պաշտպան Աշոտ Սարգսյանը Լևոն Սարգսյանի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն ներկայացրեց:
Ըստ պաշտպանական կողմի՝ վկաների վրա ազդեցություն գործադրելու, խոչընդոտելու և թաքնվելու հիմքերը վերացել են: Աշոտ Սարգսյանի խոսքով՝ մնացել է երկու վկաների հարցաքննություն, որոնց լսել այդպես էլ չի ստացվում: Լևոն Սարգսյանին ազատ արձակելու խնդրանք դատարանին ներկայացրեց նաև ամբաստանյալ Սուրեն Ղազարյանը՝ նրա փեսան:
Մեղադրող դատախազ Վահե Ղազարյանն էլ առարկեց միջնորդության դեմ՝ նշելով որ թաքնվելու և խոչընդոտելու ռիսկն առկա է: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով որոշեց մերժել միջնորդությունը՝ Լևոն Սարգսյանին թողնելով կալանքի տակ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան