Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ քննարկել է ներպետական և եվրոպական իրավունքի գերակայության վերաբերյալ Բրյուսելի և Վարշավայի միջև եղած անհամաձայնությունը: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից, փոխանցում է TASS-ը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մակրոնը մտահոգություն է հայտնել Լեհաստանում դատական իշխանության անկախության կապակցությամբ։ Նա նաև հույս է հայտնել, որ ԵՄ գագաթնաժողովից հետո Բրյուսելի և Վարշավայի միջև կշարունակվի խոր երկխոսությունը՝ Լեհաստանում եվրոպական իրավունքի նկատմամբ Սահմանադրության գերակայության վերաբերյալ երկրի Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված:
Կողմերն անդրադարձել են նաև փախստականների խնդրին և Բելառուսի հետ սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին:
Ավելի վաղ Լեհաստանի ՍԴ որոշումը քննադատել էին ԵՄ պաշտոնյաները, իսկ Մորավեցկին վերահաստատել էր, որ Լեհաստանը չի հրաժարվում եվրոպական իրավունքի պահպանումից, բայց երկրում բարձրագույն օրենքը մնում է Սահմանադրությունը: