Ծաղկաձորում հայտնաբերվել են հողային օրենսդրության պահանջների շուրջ 3 տասնյակին հասնող խախտումներ, որոնք առնչվում են ներկա և նախկին ղեկավարներին ու նրանց հետ փոխկապակցված անձանց: Խախտումները հայտնաբերվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողoգտագործման վերահսկողության վարչության իրականացրած ստուգումների արդյունքում:
Ելենա Զոհրաբյան (Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ) - Մասնավորապես համայնքի նախկին ղեկավար Գարուն Միրզոյանի կողմից, ինքը հանդիսանալով հրապարակային սակարկությունների կազմակերպիչ, կազմակերպել է բազմաթիվ մրցույթներ, և մրցույթների մասնակից է եղել մեկ կամ երկու մասնակից, և մեկ մեկնարկային քայլով հողը օտարվել է այս կամ այն քաղաքացուն:
Համայնքի գործող ղեկավար Արթուր Հարությունյանն էլ, ըստ Զոհրաբյանի, հանդիսանալով կառուցապատման մրցույթի կազմակերպիչ, ուղղակի վաճառքով հող է օտարել նաև իր ենթակայության տակ աշխատող մասնագետին:
Ելենա Զոհրաբյան - Բացի այդ, ունեցել ենք նաև ապօրինի օտարման մրցույթներ, օրինակ՝ եղել են հողամասեր, երբ նպատակային նշանակությունը հողամասի չի փոփոխվել, ավելին՝ հողամասի ընդլայնում է իրականացվել, կես հեկտարի չափով հողամաս է ընդլայնվել, վաճառվել է քաղաքացուն, այնուհետև ընդլայնված հողամասը վաճառվել է Սեդրակ Քոչարյանին, որը տվյալ հողամասի վրա առանց նպատակային նշանակության փոփոխության և առանց գործառնական նշանակության փոփոխության կառուցել է հանգստի, ժամանցի գոտիներ:
Մյուս դրվագն էլ վերաբերում է մրցույթով հողամասն ապօրինի վաճառելուն, որի ժամանակ մեկ քայլով մասնակիցը հաղթել է։
Ելենա Զոհրաբյան - Դրանից հետո տվյալ հողամասը 2008 թվականին, եթե չեմ սխալվում, վաճառվել է Արգամ Աբրահամյանին, այնուհետև Արգամ Աբրահամյանը 2019 թվականին նույն հողամասը վաճառել է Հովիկ Աբրահամյանին: Ունենք նաև դեպքեր, երբ Միքայել Մինասյանն է գնորդ հանդիսացել օտարված հողամասի, և մեկ մեկնարկային քայլով կրկին հողամասը օտարվել է ինչ-որ քաղաքացու, և տվյալ քաղաքացին վերավաճառել է:
Մեկ այլ դրվագով էլ համայնքային սեփականություն համարվող հողամասը օտարվել է «Արմենիան տելեֆոն կոմպանի» ՓԲԸ-ին, և տվյալ ընկերությունը այդ հողամասի վրա բջջային կապի աշտարակ է կառուցել։ Կառուցապատվել է նաև «Կեչառիս» համալիրի մուտքի հարակից տարածքը։ Ինքնակամ կառուցապատումը կանխելու ուղղությամբ համայնքի ղեկավարի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել։
Այդ կերպ համայնքի բյուջեին հասցվել է ահռելի չափերի վնաս: Տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն՝ խախտումներն ուսումնասիրելու և համապատասխան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով: