ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Արեն Անանյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Վարդան Աղբալյանը Փամբակ, Սպիտակ և Վանաձոր համայնքներում անցկացրել են իրազեկման հանդիպումներ՝ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
Ինչպես հայտնի է, Գուգարքի տարածաշրջանի 15 համայնքներ կխոշորացվեն Փամբակ կենտրոնով, Սպիտակի տարածաշրջանի բոլոր համայնքները կխոշորացվեն՝ Սպիտակ կենտրոնով և Վանաձոր խոշորացված համայնքի կազմում կընդգրկվեն Վանաձոր, Դարպաս, Գուգարք և Շահումյան բնակավայրերը:
Հանդիպումներին ներկա էին համայնքապետեր, համայնքապետարանների, ՀՈԱԿ-ների աշխատակիցներ, խոշորացվող համայնքների բնակիչներ և այլն։ Հանդիպման ընթացքում մանրամասն տեղեկատվություն է տրվել խոշորացման գործընթացի, հետագա քայլերի վերաբերյալ։ Ներկայացվել են գործընթացի առավելությունները, նախորդ տարիներին իրականացված խոշորացման ծրագրերի դրական արդյունքը:
Աշոտ Գիլոյանը նշել է, որ խոշորացման արդյունքում կառավարումն առավել արդյունավետ է դառնում։ Համայնքները կտիրապետեն ավելի շատ ֆինանսական միջոցների, խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենան, առավել շատ թվով և խոշոր սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու հնարավորություն կստեղծվի, վարչական ապարատում կընդգրկվեն ավելի որակյալ կադրեր և այլն:
Աշոտ Գիլոյանը ներկայացրել է նաև համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրության առանձնահատկությունները և համայնքի ղեկավարի ընտրության կարգը՝ օրինակ բերելով Վանաձոր և Գյումրի համայնքները։ Հանդիպման ընթացքում պարզաբանումներ են տրվել նաև բնակիչներին և գյուղական համայնքների ղեկավարներին հուզող հարցերին ու մտահոգություններին։