Ազգային ժողովի նիստի առաջին հատվածն այսօր քարոզարշավի վերածվեց: Նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրությանն ընդառաջ «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը դիմեց քաղաքացիներին, կոչ արեց անպայման գնալ ընտրության:
Արմենուհի Կյուրեղյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավոր) - Դուք ձեր չմասնակցությամբ նորից նպաստում եք ներկա իշխանությունների վերարտադրմանը: Կոչ եմ անում անպայման գնալ, ու երբևէ ձեր ձայնը չտալ գործող իշխանությունների թեկնածուներին:
Թեման զարգացավ, պատգամավորները հասան Գորիս ու Կապան: Կյուրեղյանին Վահագն Ալեքսանյանը պատասխանեց: Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրություններում «Հայաստան» դաշինքը հատուկ քաղաքականություն ունի՝ սեփական անունով հանդես չի գալիս, Գորիսում էլ այդպես եղավ, ու Առուշ Առուշանյանի անունը զերծ մնաց Ռոբերտ Քոչարյանի անունից՝ ասաց Ալեքսանյանը:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հիմա ուզում եմ ձեզ ասել, սիրելի կապանցիներ, որ նույնը տեղի է ունենում ձեզ մոտ, նույն մարդիկ, նույն Ռոբերտ Քոչարյանի թիմը, որ ամեն կերպ փորձում է իրեն հեռու պահել Գևորգ Փարսյանից, նույն կերպ սատարում է Գևորգ Փարսյանին և, ընտրելով Գևորգ Փարսյանին՝ դուք ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին ու նրա թիմը:
Առուշ Առուշանյանի վերընտրվելու պատճառներից էլ Աննա Գրիգորյանը խոսեց, պատասխանեց Ալեքսանյանի դիտարկումներին:
Աննա Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Գորիսեցին գիտի՝ ում է իր ձայնը վստահում: Մարդու, որն իր ամբողջ կյանքում մեծ նվիրումով ծառայել է քաղաքին, կառուցել է, շենացրել է, ոչ թե լոկ խոսել է, բարձրագոչ հայտարարություններով հանդես եկել, այլ գործ է արել, պատերազմին է մասնակցել է: Գյումրիում հաղթեցի՞ք՝ չհաղթեցիք, Մեղրիում չհաղթեցիք, եկեք դուք ձեր դարդը լացեք:
Չնայած նիստը վարողի հորդորներին՝ քարոզարշավը շարունակվում էր. Գրիգորյանը կապանցիներին հորդորեց ձայնը տալ այն մարդուն, ով նրանց կողքին է եղել պատերազմի ժամանակ, նաև դրանից առաջ: Կապանում համայնքի ղեկավարի համար երկու ուժ է պայքարում՝ «Շանթ» դաշինքը՝ գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած ցուցակով, և «Քաղաքացիական պայմանագիրը»՝ պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությամբ: Դանիելյանին ընտրելու կոչ էլ Մարիա Ղազարյանն արեց: Հետո նորից Ալեքսանյանը եկավ, նորից հիշեցրեց կապանցիներին, որ Փարսյանը Քոչարյանի թեկնածուն է: Անդրադառնալով Գորիսում Առուշ Առուշանյանի վերընտրվելուն էլ՝ ասաց.
Վահագն Ալեքսանյան - Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում ծեծել է ամեն դուռ, ասել է՝ սա քաղաքականության հետ կապ չունի, ընտրեք Առուշին, թող ազատվի: Այս մարդու նկարը, որ տանեք դնեք «Ռեալ» Մադրիդի մարզաշապիկին, այս թիմն այլևս ոչ մի խաղում չի հաղթի:
Ընտրության թեման փակվեց խմբակցությունների ելույթներով: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հորդորեց քարոզարշավն իրականացնել համապատասխան տեղում: ՔՊ-ի ղեկավարն էլ միացավ Մինասյանի՝ քննարկումը կառուցողական դաշտ տեղափոխելու կոչին:
Մյուս՝ ամենաքննարկվող թեման իշխանական պատգամավորների մշակած նախագիծն էր, որով լրատվամիջոցները պատասխանատվություն են կրելու, եթե հղում անեն կամ տարածեն չնույնականացված աղբյուրի տեղեկատվությունը, այսինքն՝ մի աղբյուրի, որի ստեղծողին ու տնօրինողին հնարավոր չէ պարզել:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ստացվում է՝ հղում են անում Տելեգրամի ալիքի, ասում են՝ մենք չենք: Գնում ես, չես գտնում, թե ով է այդ աղբյուրը:
Հովհաննիսյանի խոսքով՝ լրատվամիջոցը պետք է պատասխանատու լինի ու տարածելուց առաջ ֆիլտրի տեղեկությունը, սա խոսքի ազատության սահմանափակում չէ: Ընդդիմության կարծիքով, մինչդեռ, այսկերպ թիրախավորվում են միայն լրատվամիջոցները, քանի որ ֆեյք էջերն ու օգտատերերը կարող են շարունակել հրապարակել անանուն տեղեկություն:
Ընդդիմության՝ այսօր մամուլի ազատ լինել-չինելու մասին գնահատականներին էլ անդրադարձավ ԱԺ փոխխոսնակը:
Նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, ընդդիմությունը դեմ քվեարկեց: