Թեև երեկ Կառավարության հետ հարցուպատասխանին խորհրդարանական ընդդիմությունը, ըստ էության, չհրաժարվեց, Փաշինյանի՝ փակ ձևաչափով հանդիպելու առաջարկից, սակայն ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ՝ շեշտելով՝ իշխանությունը հարցուպատասխանի ընթացքում փորձ արեց տպավորություն ձևավորել, թե «Հայաստան» դաշինքը պատրաստ է իր հետ փակ քննարկումների, սակայն դա այդպես չէ: Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը «Լուրերի» հետ զրույցում այսօր հայտարարեց՝ Փաշինյանի հետ հանդիպման պատրաստ են, սակայն բաց ձևաչափով:
Արծվիկ Մինասյան (ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Մենք՝ որպես խորհրդարանական կառավարման երկրի ընդդիմադիր ուժ, մեր լիազորությունների շրջանակում պահանջում ենք և պատրաստ ենք հրապարակային բանավեճի այն բոլոր հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանը:
Ազգային ժողովի փոխնախագահի գնահատմամբ՝ մինչդեռ «Հայաստան» խմբակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում: Ռուբեն Ռուբինյանը հստակեցնում է՝ ընդդիմությունն անվտանգության հարցերով փակ հանդիպում էր պահանջել, Ազգային անվտանգության ծառայությունից և զինված ուժերից պաշտոնյաներ էին ներկայացել, որից հետո հնչել էին դժգոհություններ, թե լավ կլիներ քաղաքական պաշտոնյաներ ներկայանային, իսկ երբ քաղաքական ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձն է նման պատրաստակամություն հայտնում, հրաժարվում են հանդիպումից: Փաշինյանի հետ փակ հանդիպմանը դեմ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր այդ հանդիպումից հետո հայտարարել՝ նման ձևաչափով քննարկումներին նախընտրելի է նաև երկրի առաջին դեմքերի մասնակցությունը՝ նկատի ունենալով նաև վարչապետին:
Ռուբեն Ռուբինյան (ԱԺ նախագահի տեղակալ) - Եթե բաց քննարկում են ուզում, բաց քննարկում երեկ եղավ, դա Կառավարության հետ հարցուպատասխանն էր, մյուսն էլ կլինի մյուս հարցուպատասխանի ժամանակ, այսինքն՝ «Հայաստան» խմբակցությունը պետք է ի վերջո կողմնորոշվի, թե ի՛նչ է ուզում, իսկ մեր մասով առաջարկը բաց է, մենք բոլորս պատրաստ ենք քննարկումներ ունենալ:
Արծվիկ Մինասյանը մինչդեռ դժգոհում է՝ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների հարցերից հետո վերջին խոսքը Կառավարության ներկայացուցչինն է, ուստի իրենք արձագանքելու հնարավորություն չեն ունենում: Հենց դա է պատճառը, որ այժմ առաջարկում են բաց քննարկում-բանավեճ, որը հնարավորություն կընձեռի պատասխանել նաև ընդդիմության մեղադրանքներին:
Արծվիկ Մինասյան - Բաց պետք է լինի, հանրությունը պետք է այդ բանավեճը տեսնի, պետք է գնահատի՝ ով է սուտ, ով ճիշտ խոսում և ով է պատասխանատու այս ամենի համար: Մեր խորին համոզմամբ՝ իշխանությունը պատրաստ չէ դրան:
Հրապարակային բանավեճից հենց ընդդիմությունն է հրաժարվել արտահերթ խորհրդարանական ընտրության նախաշեմին, այն ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց բանավեճին՝ հիշեցնում է Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյան - Եթե ուզում են բանավեճ, չեմ հավատում, որովհետև բանավեճի կգային քարոզարշավի ժամանակ:
«Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ բանավիճելու հարց առհասարակ չկա, իսկ հանդիպումից ընդդիմադիրների հրաժարվելու պատճառը, ըստ պատգամավորի, այլ է:
Արթուր Հովհաննիսյան (ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ես ենթադրում եմ, որ «Հայաստան» դաշինքի իրական սեփականատեր Ռոբերտ Քոչարյանն է զայրացել է այդ առաջարկի համար, դրա համար մեկ մոտ ժամ հետո փոխեցին այդ կարծիքը: Ընդդիմության ներսում կա հստակ անհամաձայնություն:
Ի տարբերություն «Հայաստան» խմբակցության, «Պատիվ ունեմ»-ը հենց հարցուպատասխանի ընթացքում հրաժարվեց վարչապետ Փաշինյանի հետ փակ հանդիպումից: Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը տեղում հայտարարեց, թե իշխանության հետ կքննարկեն միայն Փաշինյանի հրաժարականի տեքստը: Այսօր այս տեսակետը վերահաստատեց նաև խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Ընդդիմադիր պատգամավորին հարցրինք՝ եթե ընդդիմությունը մշտապես դժգոհում է երկրի անվտանգային խնդիրների վերաբերյալ տեղեկատվության պակասից, ինչո՞ւ չի օգտագործում երկրի առաջին դեմքից այդ հարցերի պատասխանները ստանալու հնարավորությունը:
Տիգրան Աբրահամյան (ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր) - Երբ ընդդիմությունն ասում է, որ կուլիսների հետևում չպետք է պայմանավորվածություն ձեռք բերվի, դա ոչ թե պահանջ է, որ գան անպայման մեզ հետ խոսեն, այլ հասարակության առաջ խոսեն, չունենանք նոյեմբերի 9-ի փաստաթուղթ:
Ընդդիմադիրների հետ ցանկացած ձևաչափով հանդիպման պատրաստակամություն երեկ հայտնեց նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: