Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը: Շենգավիթում տեսուչները արտադրամաս, խանութ, սուպերմարկետ մտան, գրանցամատյանները, փաստաթղթերն ուսումնասիրեցին ու մեծ խնդիրներ չարձանագրեցին: Դիմակ, ալկոգել ստուգելուց բացի տեսուչները նոր խնդիր ունեն:
Մանուել Մելիքյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալ - Կնայենք, տեսնենք արդյոք համապատասխան ժամկետում են թեստավորումներն անցել, թե՞ կա ժամկետների բացթողում և կնայենք, թե պատվաստվածներից քանի հոգի են անցել առաջին դեղաչափը և երկրորդ դեղաչափի ժամկետն արդյոք անցե՞լ է, թե՞ ոչ:
Քիչ չեն դեպքերը, երբ հաճախորդի ու տնտեսվարողի միջև վիճաբանություն է սկսվում: Առանց դիմակի հաճախորդի մեր նկարահանման պահին դժվար էր սուպերմարկետում հանդիպել: Տնտեսվարողը վստահեցնում է՝ առանց դիմակի ոչ մի հաճախորդի չեն սպասարակում, իրենց աշխատակիցներին էլ հիվանդության բռնկումներից խուսափելու համար հորդորում՝ սահմանված ժամկետում կա՛մ թեստավորվել, կա՛մ պատվաստվել:
Հակոբ Սարգսյան, սուպերմարկետի մասնաճյուղի տնօրեն - Ունենք մոտ 210 աշխատակից, որոնցից արդեն իսկ 100-ը պատվաստված է, ներկայացրել են իրենց թղթերը, մնացածն էլ յուրաքանչյուր 15 օրը մեկ օրենքի շրջանակներում ներկայացնում են իրենց թեստավորման թղթերը:
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալի խոսքով՝ այս տարի հիմնականում նախազգուշացումներ են տվել, վարչական պատասխանատվության ենթարկել են կրկնակի ստուգումից հետո՝ մոտ 50 տնտեսվարողի. «Հոկտեմբերին պատկերը փոխվել է. հիմնական խախտումները հանրային սննդի ոլորտում են»,- արձանագրում է Մանուել Մելիքյանը:
Մանուել Մելիքյան - Ստիպված արդեն կիրառում ենք նաև ավելի խիստ պատժամիջոցներ՝ տվյալ դեպքում տուգանքի տեսքով:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից նշում են՝ տնտեսվարողների գործունեությունը դեռ չեն կասեցնում, կրկնակի խախտումների դեպքում վարչական տուգանք են նշանակում, որը հասնում է մինչև 500.000 դրամի: