Ադրբեջանի հետ փոխվարչապետների մակարդակով գոյություն ունի աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցով: Գիտեք, որ քննարկվում է սկսել աշխատանքներ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շուրջ, և, կարծում եմ՝ այս հարցերը օրակարգում են, և եթե Ադրբեջանը պատրաստակամություն ունենա դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսել և այն ավարտին հասցնել, պետք է որ այդ հարաբերությունների հետ կապված խնդիր չլինի: Կառավարությունում ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք սկսելու հարաբերությունները, քննարկելու հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ»,- ասաց Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ ՌԴ գործընկերների հետ ևս քննարկվում է, թե ինչպես կարելի է այդ գործընթացն առաջ տանել:
«Ե՛վ մենք, և՛ թուրքական կողմը նշել են, որ կան դրական ազդակներ, և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը»,- ասաց ԱԽ քարտուղարը՝ նշելով, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում:
«Փոխվարչապետի մակարդակով աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը: