Կառավարությունը հավանություն տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո: Առաջին փուլում ձեռք կբերվեն 12 մետրանոց 100 ցածրահատակ ավտոբուսներ. առաջին փուլի ֆինանսավորման համար 25 մլն եվրո է տրամադրվելու, որից 20 մլն եվրո վարկ՝ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ևՎԶԵԲ-ի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկության քննարկման ժամանակ հիշատակեց տրանսպորտային ցանցը բարեփոխելու նախապատմությունը:
«Խորհրդատվական ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել Երևանի հանրային տրանսպորտի ցանցը, որի արդյունքում մշակվել է նոր տրանսպորտային ցանց, և առաջարկվել է այդ ցանցը գործարկելու համար գնել 845 հատ տարբեր չափերի ավտոբուսներ, որպեսզի այդ նոր ցանցը կարողանա սպասարկել ամբողջ մայրաքաղաքը, և այդ ֆինանսական աջակցության շրջանակներում ՎԶԵԲ-ի հետ դեռ 2019-ից քննարկումներ են տեղի ունեցել: Ընդհանուր հաշվով, բոլոր ավտոբուսները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո գումար. այս համաձայնագրերը վերաբերում են ընդհանուր առմամբ 25 մլն եվրոյի, որից 20 մլն-ը վարկ է, 5 մլն-ը՝ դրամաշնորհ: Խոսքը 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մասին է, կոչվում են ցածրահատակ ավտոբուսներ, որոնք բավական լավ հարմարեցված են մեր բոլոր հայրենակիցների համար: Փետրվարին մրցույթ է հայտարարվել, և մրցութային փուլում է գտնվում»,- ասաց Գնել Սանոսյանը:
«Սա Կառավարության հերթական խոշոր աջակցությունն է Երևան համայնքին, որպեսզի կարողանա տրանսպորտային ցանցի իր առջև դրված խնդիրները լուծել և ամբողջովին նոր ավտոբուսների նոր պարկով տրանսպորտային երթուղային ցանց ունենալ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հարցը բավական երկար ժամանակ քննարկվել է:
«Իհարկե, Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը շատ ավելին է. մոտ 700 ավտոբուսների անհրաժեշտություն կա ընդհանուր առմամբ, և, ըստ էության, այստեղ գործ ենք ունենալու նաև մասնավոր հատվածի ներգրավման հետ: Ամբողջ Երևանի տրանսպորտային համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր տրանսպորտային ընկերությունների փոխգործակցությամբ և աշխատելու է միասնական տոմսային համակարգով: Այս որոշումներով մենք, իհարկե, հարցը կլուծենք միջնաժամկետում, բայց երկարաժամկետում պետք է կարողանանք արմատական լուծման հանգել»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ ավտոբուսների շահագործման ժամկետը 10 տարի է:
«Խնդիրը հետևյալն է, որ Կառավարությունը վարկը վերցնում է, միջոցներ կներդրվեն, և մենք կգնենք անհրաժեշտ քանակի ավտոբուսներ, և, ըստ էության, 10 տարի հետո պարկը թարմացնելու անհրաժեշտություն է լինելու, այսինքն՝ պետական պարտքով տրանսպորտային համակարգ աշխատեցնելու խնդիր է ծագում»,- ասաց նա՝ նշելով, որ դա, որպես մեկնարկ, ընդունելի և հասկանալի է, բայց անհրաժեշտ է համակարգ, որը որոշակի եկամուտներ գեներացնի:
«Ես առաջարկել եմ քաղաքապետարանին, որ լինեն լուծումներ, որ մենք ոչ թե ժամանակի այս կոնկրետ հատվածում խնդիր լուծած լինենք, այլ ունենանք համակարգ, որն անընդհատ աշխատի, վերարտադրվի, և անհրաժեշտ ներդրումներն անհրաժեշտ ժամկետներում տեղի ունենան: Այլապես մենք 10 տարի հետո կանգնելու ենք ելման կետի վրա և ստիպված ենք լինելու որոշում կայացնել նորից նույն ճանապարհով գնալու կամ վերադառնալու «ԳԱԶելների» տրամաբանությանը: «ԳԱԶելներին» վերադարձ չի լինելու և չպետք է լինի, մենք դա դեռ 2017 թվականին ենք խոստացել, և Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ, և, կարծում եմ, որ առաջիկայում իրականացվող մեր ծրագրերի շրջանակներում մենք պետք է հոգ տանենք, որ էլեկտրաավտոբուսների մուտք տեղի ունենա մայրաքաղաք և հետագայում՝ մեր այլ քաղաքներ: Այս ուղղությամբ մենք պետք է շարժվենք. այս որոշումը շատ կարևոր է, բավական քննարկված է, բայց չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծել ենք»,- ասաց վարչապետը: