Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գործոնը երկար ժամանակ բարդացրել է Կիևի և Թբիլիսիի հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է ТАСС-ը։
Նրա խոսքով՝ դա միակ բանն էր, որ անհարմարություն էր մտցնում երկու երկրների հարաբերություններում:
Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 30-ին Վրաստանի ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից հետո «Սաակաշվիլու գործոնը» դուրս կգա երկկողմ հարաբերությունների օրակարգից:
2015 թ. Ուկրաինայի այն ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոն Սաակաշվիլուն նշանակել էր Ուկրաինայի նախագահին առընթեր Բարեփոխումների խորհրդատվական միջազգային խորհրդի նախագահ և իր արտահաստիքային օգնական՝ շնորհելով Ուկրաինայի քաղաքացիություն: Դրանից հետո նա նշանակվել էր Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար: 2017 թ. հուլիսին Պորոշենկոն Սաակաշվիլուն զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից, որը 2019 թ. վերադարձրել էր երկրի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: