Եվրոպական հանձնաժողովը երկու որոշում է ընդունել, որոնցով ճանաչել է Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության տրամադրած՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման թվային հավաստագրերը:
Այս որոշումով Հայաստանը կմիանա ԵՄ համակարգին, և ՀՀ հավաստագրերը կընդունվեն Եվրամիությունում նույն պայմաններով, ինչ ԵՄ թվային հավաստագրերը: Միևնույն ժամանակ, Հայաստանը և Մեծ Բրիտանիան համաձայնել են ընդունել կորոնավիրուսի դեմ պատվաստման՝ Եվրամիության հավաստագրերը:
Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ին:
ԵՄ արդարադատության հանձնակատար Դիդյե Ռեյնդերսն ասել է. «Ավելի անվտանգ ճանապարհորդությունն իրականություն է դարձել ԵՄ-ի՝ Covid թվային վկայագրի շնորհիվ, որը ներկայում հանդիսանում է աշխարհի առաջատար չափանիշը: Չորս մայրցամաքների 45 երկիր միացել է այս համակարգին, և առաջիկա շաբաթներին և ամիսներին դրան կմիանան նոր երկրներ»: