Փհենյանը Վաշինգտոնին նախազգուշացրել է Կորեական թերակղզում և նրա շուրջ «ռազմավարական միջուկային ակտիվներ» չտեղակայել, եթե ԱՄՆ-ը ցանկանում է կարգավորել տարածաշրջանի ապամիջուկայնացման խնդիրը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԿԺԴՀ առաքելության առաջին քարտուղար Կիմ Ին Չհոլը՝ ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողովի առաջին հանձնաժողովում, փոխանցում է ТАСС-ը։
«Կորեական թերակղզում միջուկային զենքի խնդիրները կարգավորելու համար ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ԿԺԴՀ-ի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից և երկակի ստանդարտներից, ընդմիշտ հրաժարվի հարձակողական զորավարժություններ անցկացնելուց, ինչպես նաև Կորեական թերակղզում և նրա շուրջը ռազմավարական միջուկային ակտիվների ներդրումից»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ամեն տարի ավելի քան 700 մլրդ դոլար է ծախսում գերձայնային զենքի, մեծ հեռահարության բարձր ճշգրտությամբ կառավարվող սպառազինությունների, նոր սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, ռազմավարական միջուկային ռմբակոծիչների մշակման համար, որը, ըստ պաշտոնյայի, նախատեսվում է կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ ապագա պատերազմում:
Ավելի վաղ Վաշինգտոնում Հարավային Կորեայի դեսպան Լի Սու Հյոքը ասել է, որ ԱՄՆ-ը չի դիտարկում Կորեայի Հանրապետությունում իր մարտավարական միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը: