Հայաստանում համաճարակային իրավիճակը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատեց ծայրահեղ լարված և չբացառեց, որ կխստացվեն հակահամաճարակային կանոնները:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր ռազմավարությունը հետևյալն է. կարծում ենք՝ չպետք է գնանք լոքդաունի, պետք է երկու ուղղությամբ աշխատենք՝ մեկը՝ դիմակների կանոնների կրման խստացումը, և չի բացառվում, որ նոր որոշումներ կայացնենք, չի բացառվում, համընդհանուր, նաև բաց տարածքում գնանք դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը: Ոչ թե խնդիրն այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում հեշտ է վերահսկել: Բայց առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են:
Քովիդով վարակված անձանց սպասարկման համար մոբիլիզացված է 27 բուժկենտրոն, զբաղված է 3050 մահճակալ: Ծանր վիճակում է 1088, ծայրահեղ ծանր՝ 307 քաղաքացի: 152 հիվանդի միացված է թոքերի օդափոխության սարք: Քովիդով վարակված և բուժվող 122 հղի կնոջից 53-ին ախտորոշվել է թոքաբորբ, միացված է թթվածնային սարք:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Դրական ակտիվ դեպքերի 30433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիները ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում 5 հոգի ունենք, որ պատվաստված են:
Նիկոլ Փաշինյան - 3 տոկոս: Քանի հոգի ունենք վերակենդանացման բաժանմունքում:
Անահիտ Ավանեսյան -1500 քաղաքացի, ծանր: Ծանր, թթվածնային կախյալ վիճակում:
Նիկոլ Փաշինյան - Այսինքն՝ ծանր վիճակում քաղաքացիների պարագայում 0,5 տոկս է պատվաստվածների թիվը:
ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ
Վարչապետի խոսքով՝ կառավարությանը հաջողվել է նաև միջազգային գործընկերների աջակցությամբ ձեռք բերել անհրաժեշտ քանակի պատվաստանյութ: Փաշինյանը կրկին ընդգծեց, որ համավարակի հաղթահարման հիմնական ռազմավարությունն է լինելու պատվաստումների ծավալի ընդլայնումը:
Նիկոլ Փաշինյան - Հաշվի առնելով իրավիճակը՝ ուզում եմ կիսվել անձնական փորձառությամբ՝ պատասխանելու հարցին՝ ինչքանով է պատվաստումը էֆեկտիվ: Ասել եմ, որ մեր ընտանիքի 6 անդամից ավագները պատվաստվել ենք, բացի երեխաներից, որոնք 18 տարեկանից ցածր են, մենք պատվաստված ենք: Վերջերս մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, մեկ շաբաթ անց, բնական է, որ 14 ամյա երեխա, ինչքան սերտ շփում, գիտենք, տրադիցիաներին համապատասխան, մեր ընտանիքի պատվաստված անդամները չվարակվեցին կորոնավիրուսով, ոչ մեկը: Գիտեինք, որ կարող ենք վարակվել, պատվաստված ենք տարբեր պատվաստանյութերով: Մեր օրինակով տեսանք արդյունավետությունը: Հետևաբար, մեր ռազմավարությունը այդ ուղղությամբ է լինելու, դրանից առաջ էլ էր այդպես, սա մի փոքր օրինակ:
Նիկոլ Փաշինյանը ընդգծեց նաև պատվաստումային գործընթացում թույլ տրված չարաշահումների մասին: Կան մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ, որոնք քրեական գործերով ներգրավված են որպես մեղադրյալներ, պատվաստման կեղծ սերտիֆիկատ տրամադրելու համար կալանավորված է 6 անձ:
Նիկոլ Փաշինյան - Դեպքեր ունենք, որ պատվաստանյութը փչացնում են, բացում են սրվակը, դատարկում, պետական միջոցով, չարչարանքների գնով ձեռք բերված պատվաստանյութերը, բայց պետք է գնանք այս ճանապարհով, հետևողական, անհոգնել, դիմակների կրման կանոնները խստացնելու ճանապարհով: Անդրադառնամ շահարկումներին, որ լինում ա պետական միջոցառում, ֆոտո են վերցնում, տարածում են, վայ, տեսեք՝ պաշտոնյաները դիմակ չեն կրում, քաղաքացիներն էլ հարսանիք, միջոցառում են անում, սուրճ խմելիս կրում են: Պետք է էժան շահարկումներին չտրվել, էս քաղաքականությունը իրականացնել: Մահերի պատասխանատվությունը կրում են այն մարդիկ, ովքեր իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն:
Առողջապահական համակարգը հյուծված է, բայց շարունակում է պայքարել քովիդով հիվանդների կյանքը փրկելու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ շաբաթ, կիրակի անհրաժեշտ է ավելի ակտիվացնել պատվաստումային գործընթացը: Վարչապետի խոսքով՝ երկրները, որտեղ պատվաստումը 60-70 տոկոսից ավելի է, մահերը քիչ են:
Նիկոլ Փաշինյան - Մեր գործընկերներից մեկն ասում էր, որ դժվար են ոտքի վրա կանգնում, հյուծված են, խոնարհումը նրանց աշխատանքին, նրանց պետք է օգնել, որ ծանրաբեռնվածություն չունենանք հիվանդանոցներում: Հատուկ շնորհակալություն, որ պատվաստում են, բարեխղճորեն ներկայացնում են:
Պոլիկլինիկաները կհերթապահեն շաբաթ, կիրակի, բաց են նաև շարժական կետերը: Առաջիկա կիրակի բացօթյա պատվաստումային գործընթաց է կազմակերպվելու Գյումրիում: