Երևանի նոր տրանսպորտային ցանց հիմնելու համար անհրաժեշտ է 845 ավտոբուս: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համաձայնագրի ստորագրման հարցի քննարկմանը նախարար Սանոսյանը հիշեցրեց՝ բանկի հետ բանակցում են 2019-ից: Ավտոբուսային պարկն ամբողջությամբ թարմացնելու արժեքը գնահատվել է 120-150 մլն եվրո: Կառավարության նիստում ներկայացվեց՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով շուտով 100 ավտոբուս կգնվի:
Գնել Սանոսյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար - Այս համաձայնագրերը վերաբերում են 25 մլն եվրոյի, որից 20 միլիոնը վարկ է, 5 միլիոնը՝ դրամաշնորհ: Խոսքը 100 հատ, 12 մետրանոց ավտոբուսի ձեռքբերման մասին է: Սա կառավարության հերթական խոշոր աջակցությունն է Երևան համայնքին, որ կարողանա իր առջև դրված տրանսպորտային խնդիրը լուծի:
Երևանի ավտոբուսային պարկի պահանջարկը, ըստ վարչապետի, ավելին է: Կառավարությունը վերցնում է վարկային միջոցները, հատկացնում Երևանին՝ թարմացնելու տրանսպորտային ցանցը: Համակարգն աշխատելու է համայնքային և մասնավոր ընկերությունների փոխգործակցությամբ: Ներդրվելու է միասնական տոմսային համակարգ: Հաշվի առնելով ավտոբուսների պատշաճ սպասարկման համար շահագործման 10 տարի ժամկետը՝ վարչապետն առաջարկում է արմատական լուծումներ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Խնդիրն առաջադրել եմ Երևանի քաղաքապետարանին, որ լինեն լուծումներ, որպեսզի ոչ թե ժամանակի կոնկրետ այս հատվածում խնդիրը լուծենք, այլ ունենանք համակարգ լինի, որն աշխատի, վերարտադրվի, ներդրումներ տեղի ունենան: Հակառակ դեպքում՝ ստացում է, որ կառավարությունը փակելու է պարտքը, ավտոբուսները մաշվելու են, 10 տարի անց նորից կանգելու ենք ելման կետի վրա կամ վերադառնալու ենք գազելներին: Գազելներին վերադարձ չի լինելու, մենք դա դեռ 2017-ին ենք խոստացել, և Երևանը պետք է ունենա պատշաճ տրանսպորտային համակարգ:
Ստեղծվող տրանսպորտային համակարգի մոդելը պետք է ներդնել նաև մյուս համանքներում՝ նշեց վարչապետը: 845 ավտոբուսից 650-ը կլինի քաղաքապետարանի պարկում, 200-ը՝ մասնավոր ընկերությունների: Մարզերում տրանսպորտի ձեռքբերման համար արդեն մրցույթներ են անցկացվում: Առավելություն է տրված էլեկտրամոբիլներ կամ ավելի մաքուր վառելիքով մեքենաներ առաջարկողներին:
Նիկոլ Փաշինյան - Ամբողջ մարզի տրանսպորտային ցանցը դնում ենք մրցույթի՝ ասելով, որ այն ընկերությունը, որ գալիս է, կան շահութաբեր և ոչ շահութաբեր գծեր: Մի տեղում շահույթ է ստանում, մյուս տեղում այդ շահույթը պետք է օգտագործի նաև ոչ շահութաբեր գծերը սպասարկելու համար:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ կդադարեցվի Կոշ և Հրազդան քրեակատարողական հիմնարկների գործունեությունը: Որոշման նպատակը միայն գումարի խնայողությունը չէ: Արդարադատության նախարարը նշեց՝ քրեակատորաղական համակարգի հետագա բարեփոխումների մեկնարկ է և ներկայացրեց կրճատման հիմնավորումները:
Կարեն Անդրեասյան, ՀՀ արդարադատության նախարար - Գրեթե մեր բոլոր քրեակատարողական հիմնարկներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը, քանի որ մեր քրեական արդարադատությունը եղել է մարդակենտրոն, ունեցել ենք բեռնաթափում:
Նիկոլ Փաշինյան - Այսօր ՀՀ-ում դատապարտված, կալանավորված անձանց պատմական մինիմում է: Ինչքան էլ դժգոհ լինենք դատաիրավական բարեփոխումների ծավալից, ընթացքից, որակից, մարդկանց կյանքի վրա անդրադարձ է ունենում: Թվերի հետևում մարդիկ են կանգնած, ընտանիքներ, երեխաներ:
Պրոբացիայի ոլորտի բարեփոխումները, ըստ վարչապետի, ավելի արդյունավետ պայքար պետք է դառնան հանցավորության դեմ:
Նիկոլ Փաշինյան - Քրեակատարողական հիմնարկները, ցավոք, շատ երկար ժամանակ, հիմա էլ, հանցագործ արտադրող ձեռնարկություններ են: Մարդը կարող է պատահական մի միջադեպով ընկնի այնտեղ, ինքը դուրս գա որպես պրոֆեսիոնալ հանցագործ:
Կա քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները բարելավելու խնդիր: Այդ հիմնարկներում գործադիրն արդեն լուծել է սննդի հարցը:
Նիկոլ Փաշինյան - Բացառիկ է իրավիճակը նրանով, որ կալանավորված, դատապարտված անձը պետության տված հացն ուտում է, որովհետև դա արժանապատիվ սնունդ է, նախկինում այդպես չի եղել:
Կառավարությունն 13 մլրդ 575 մլն դրամ կտրամադրի Արցախի բնակչության Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների նոյեմբերի ծախսերի, Արցախի պետբյուջեով նախատեսված նոյեմբերի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի համար: Վարչապետը նշեց, որ 2022-ի բյուջեով Արցախին կհատկացվի 144 մլրդ դրամ:
Նիկոլ Փաշինյան - ՀՎերջին 1 տարվա ընթացքում արդեն մոտավորապես 120 մլրդ դրամ ենք հատկացրել Արցախին: Կարևոր է քայլ-քայլ, հնարավորինս սահուն ձևով զուտ աջակցության ծրագրերից զարգացման ծրագրերի անցում կատարելը, որպեսզի Արցախում նույնպես հարկերի ձևավորման գեներացման հավաքագրման մեխանիզմն աշխատի: Եվ պետք է արձանագրել, որ աշխատում է. 2020 թվականի պլանավորվածի համեմատ՝ Արցախի կառավարությունը շատ ավելի մեծ հարկային մուտքեր է ունեցել, և սա շատ կարևոր փաստ է: Մենք շարունակելու ենք աջակցել Արցախի Հանրապետությանը:
Կառավարության որոշմամբ՝ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ: