Առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնայով» կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած:
12-18 տարեկան անձանց պատվաստումը իրականացվում է ըստ դիմելիության՝ ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության դեպքում:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման բաժնի մանկաբույժը պարզաբանում է, թե ինչու է որոշվել նվազեցնել «Մոդեռնայով» պատվաստվելու տարիքային շեմը, որը մինչ այդ 18-ն էր:
Պիրիջիտա Սիմոնյան (ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի մանկաբույժ) - Քանի որ «Մոդեռնա» պատվաստանյութը Եվրամիության երկրներում կիրառվել է 12 տարեկանից բարձր անձանց շրջանում, և նաև դիրքորոշումը Դեղերի եվրոպական գործակալության կողմից է եղել, մեր երկրում նույնպես փոփոխություն կատարվեց, որովհետև երբեմն, ոչ հաճախ, ծնողները դիմում էին 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներին ինչ-ինչ պատճառներով պատվաստման համար, և փոփոխությունը հենց նաև դրա հետ էր կապված:
Պիրիջիտա Սիմոնյանին դեռահասների պատվաստման մի քանի դեպք է հայտնի: Ասաց՝ դրանից օրեր են անցել, և հետպատվաստումային բարդություններ չեն առաջացել: Դեռահասների պատվաստումների ամփոփ վիճակագրություն դեռ չկա:
Պիրիջիտա Սիմոնյան - Քանի որ այս հիվանդության տարածողները ավելի շատ երեխաներն են, դեռահասներն են, շատ ցանկալի կլինի, որ իրենք էլ պատվաստված լինեն և փոխանցողներ չհանդիսանան:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ երեխաներին պատվաստելու հնարավորություն տրվելու դեպքում առաջինն ինքը դստերը կտանի պատվաստվելու: Թորոսյանին հարցրինք՝ շարունակո՞ւմ է այդ մտքին լինել, քանի որ արդեն Հայաստանում «Մոդեռնան» կարող է կիրառվել 12 տարեկանից սկսած:
Արսեն Թորոսյան (ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար) - Ոչ միայն շարունակում եմ, այլև ուզում եմ ասել, որ արդեն պատվաստել եմ 12-ամյա աղջկաս, ու դա պայմանավորված է նրանով, որ «Մոդեռնա» պատվաստանյութի օգտագործման ցուցումների մեջ 12+ հնարավորություն կա պատվաստելու:
Թորոսյանը դստեր համաձայնությունը ստանալուց հետո մեզ փոխանցեց նրա պատվաստման կադրերը, որոնք արվել են հեռախոսով: Աղջիկը, ի դեպ, ինքն է պարբերաբար հետաքրքրվել ու սպասել, թե երբ Հայաստանում կլինի քովիդի դեմ այնպիսի պատվաստանյութ, որը կկիրառվի նաև երեխաների դեպքում: Պատվաստվելուց հետո նրա մոտ հետպատվաստումային բարդություններ չեն առաջացել:
Արսեն Թորոսյան - Ես պարզապես այդ օրը բարձրացող ջերմությունը բարդություն չեմ համարում, ավելին՝ սովորական ռեակցիա է, և լավ է, որ տեղի է ունենում, այսինքն՝ նշանակում է պատվաստանյութը ազդում է, մի թեթև ջերմությունն է բարձրացել, ընդամենը մեկ օր և անցել է: Նաև ուզում եմ տեղեկացնել, որ մեզ համար պատվաստումները ամեն տարի սեզոնային գրիպի դեմ պաշտպանվելու միջոց են, և մեր ամբողջ ընտանիքն է պատվաստված, այդ թվում 8-ամյա տղաս:
Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկա այսօր 5 երեխաների ծնողներ են դիմել՝ նրանց պատվաստելու համար: Բացումը 13-ամյա Նորիկն արեց:
Նորիկ Մանուկյան - Առաջարկը մամայինն էր, ու, հուսամ՝ իմ օրինակին հետևելով՝ շատ ծնողներ իրենց երեխաներին կբերեն պատվաստվելու, ու հուսամ, որ պատվաստվելը իր դրական արդյունքը կտա ամբողջ աշխարհում:
Նորիկից հետո պատվաստվեցին 13 և 15 տարեկան քույրեր: Բոլորն ասում էին՝ ինքնազգացողության վատացում չունեն:
Վարդուհի Սարգսյան (Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ) - Մինչև նախարարի հրաման ունենալը մենք ունեինք երեխաներ, ծնողներ, որոնք դիմում էին մեզ և հետաքրքրվում էին՝ կարող են երեխաները արդյոք ստանալ: Քանի դեռ հրամանը չկար, պատասխանում էինք՝ ոչ, դեռ ոչ: Երբ հրամանն արդեն եղավ, մենք աշխատեցինք շատ շուտ իրազեկել մեր բնակչությանը, որպեսզի այն ծնողները, որոնք ցանկանում են, որ իրենց երեխաները ստանան, ստանան:
Արտաշատի պոլիկլինիկայում պատվաստվելու համար հերթագրված 5 երեխայից 2-ին սպասում էին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան