Արցախի օրհներգը արցախցի փոքրիկները Հայաստանում՝ Երևանում, հնչեցնում են «100 տուն Արցախում» երախտագիտության երեկոյին:
Առաջին ալիքի եթերում այս տարվա հունիսից մեկնարկած ծրագիրն ակտիվ շինարարական փուլում է: Համատեղ ջանքերով 100 տան համար արդեն 100 միլիոն դրամ է հանգանակվել: Տուն կորցրած մեր հայրենակիցների համար Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ նոր օջախ շենացնելը պարտավորեցնող է համարում առաջին տունը կառուցող Հանրայինի տնօրենը:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Այս նախաձեռնությունը մեր բոլորինն է, յուրաքանչյուրինը, ովքեր միացել են: Առաջին ալիքը, «Ապրելու Արցախ» հիմնադրամը և մեր մյուս գործընկերները, որոնք հավատացին գաղափարին, միացան, սկսեցինք, բայց, պայմանական ասած, մենք այս նախագծի տերը չենք: Այս նախագծի տերն այն մարդիկ են և այն ընկերությունները, որոնք 1000 դրամից սկսած մինչև այն գումարը, որը մեկ տան գինն է, կանգնում են մեր կողքին և օգնում են կառուցել այս տները:
100 տունը պատրաստ կլինի 2022-ի վերջին, մինչև այդ՝ այս տարեվերջին, մի քանի ընտանիք բնակարանամուտ կտոնի:
Առաջին քարից վերջին տան քարը տեղադրելն Առաջին ալիքի եթերում է: Երախտագիտության երեկոյին տուն կառուցող նվիրատուներն են: Առաջին ալիքը մեր հայրենակիցներին կոչ է անում միավորել ուժերը՝ արցախցի ընտանիքներին օր առաջ բնակարաններով ապահովելու համար: