Երևանյան կոնսերվատորիան իր 100-ամյակի միջոցառումների շրջանակում ներկայացնում է հայ երաժշտագիտության երախտավոր, կոմիտասագետ, կոմպոզիտոր և մանկավարժ Ռոբերտ Աթայանին նվիրված գիրքը, որը հրատարակության է նախապատրաստել և ծանոթագրել կոմիտասագետ Լուսինե Սահակյանը: Մարդ-ինստիտուտ, մաթեմատիկական մտածողությամբ գիտնական և նվիրյալ կոմիտասագետ. Լուսինե Սահակյանը փաստում է՝ բոլոր տիտղոսներն ու մրցանակները չէին բավականացնի նրան արժևորելու համար:
Գրքում ներկայացվում են ոչ միայն Աթայանի անհայտ հոդվածներն ու անտիպ զեկույցները, այլև Կոմիտասին առնչվող նորահայտ փաստեր, նամակներ և հուշագրություններ: Լուսինե Սահակյանը տևական ժամանակ ուսումնասիրել է Աթայանների ընտանեկան արխիվն ու ԳԱԹ չուսումնասիրված նյութերը: Բոլոր նորահայտ նյութերը գալիս են լրացնելու Աթայանի ահռելի գիտական ժառանգությունը, մանավանդ Կոմիտասի ակադեմիական հրատարակությունը, որի միջոցով երաժիշտների տաբեր սերունդներ բացահայտել են Կոմիտասի ֆենոմենը:
Ռոբերտ Աթայանը Կոմիտասին կապված էր ոչ միան իր մասնագիտական ամբողջ գործունեությամբ, այլև ժառանգականության օրինաչափությամբ: Նրա պապը և հայրը Կոմիտասի սանը լինելու բարեբախտությունն են ունեցել և երգել են նրա երգչախմբում: Եվ բնավ պատահական չէ, որ Կոմիտասի ժառանգության համակողմանի ուսումնասիրությունը դարձավ Աթայանի կյանքի գործը: Կոնսերվատորիայում արժանին են մատուցում ոչ միայն կոմիտասագետին, այլև երաժշտանոցի նվիրյալ դասախոսին, որի կեսդարյա ներկայությունն այստեղ գիտնականի և մանկավարժի արժանապատվության խորհրդանիշի է վերածվել: