ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՈՒՄ ԼԻՆԵԼ. ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը «Ռադիոլուրի» հետ հարցազրույցում նշել է, որ Միացյալ թագավորությունը ցանկանում է լուծված տեսնել Ղարաբաղյան հակամարտության խնդիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սահմանած հիմնարար սկզբունքների հիման վրա: Նորանշանակ դեսպանը հերքել է, թե բրիտանացի որևէ պաշտոնյա շնորհավորել է Ադրբեջանին կամ որևէ այլ կողմի 44-օրյա պատերազմում հաղթանակի կապակցությամբ և ընդգծել, որ Մեծ Բրիտանիան վերահաստատում է, որ պատերազմը չի կարող լուծում լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունների կարգավորման ճանապարհին: Մենք ջանացել ենք նպաստել խաղաղ կարգավորմանը նաև ՄԱԿ-ում»,- շեշտել է դեսպանը:
ԷՐԴՈՂԱՆԸ՝ ՀՀ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար պայմանները առավել քան երբևէ բարենպաստ են: Հոկտեմբերի 26-ին նման կարծիք է հայտնել աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցին, սակայն նորից՝ նախապայմանային տրամաբանությամբ: «Եթե Հայաստանն անկեղծ բարի կամք դրսևորի Ադրբեջանի նկատմամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- նշել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան կպատասխանի Հայաստանի քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:
ԱՄՆ-Ը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ՈՒՆԻ
Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է Ջեֆ Ֆլեյքին որպես Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանի։ Ֆլեյքի թեկնածությունն առաջարկել էր նախագահ Ջո Բայդենը, առաջադրումը Սենատում հաստատվել է միաձայն։ Ֆլեյքը նախկին սենատոր է: Որպես դեսպանի թեկնածու՝ իր ելույթում նա ասել էր, որ կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Լսումների ժամանակ նա դեմ էր արտահայտվել ԱՄՆ կողմից Թուրքիային էՖ16 կործանիչների վաճառքին: ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին նման կոչով դիմել են նաև ԱՄՆ դեմոկրատական և հանրապետական կուսակցությունները ներկայացնող 11 կոնգրեսականներ: Ջո Բայդենին և Էնթոնի Բլինքենին ուղղված գրավոր դիմումում 11 օրենսդիրներ խոր մտահոգություն են հայտնել Թուրքիային քառասուն F-16 կործանիչի հնարավոր վաճառքի և 80 միավոր կործանիչի արդիականացման վերաբերյալ վերջին հաղորդագրությունների առնչությամբ։ «Այն բանից հետո, երբ սեպտեմբերին նախագահ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ռուսական էս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի հավելյալ խմբաքանակ ձեռք կբերի, մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել մեր ազգային անվտանգությունն ու ամերիկյան օդանավեր ուղարկել մեր դաշնակցին, որը շարունակում է իրեն դրսևորել որպես մեր թշնամի»,- ասվում է դիմումի մեջ։
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԿՄՆԱ ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՎ ԻՐԱՔՈՒՄ
Թուրքիայի խորհրդարանը երկարացրել է թուրքական բանակի՝ Սիրիայում և Իրաքում մնալու մանդատը ևս երկու տարով: Այդ հարցով խորհրդարանի դիմել էր Թուրքիայի կառավարությունը: Ժողովրդական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները դեմ են քվեարկել նախագծին: Թուրքական զինված ուժերի տեղակայման ժամկետն այդ երկրներով կավարտվի 2023 թվականի հոկտեմբերի 30-ին: Փաստաթղթում նշվում է, որ ռիսկերն ու սպառնալիքները, որոնք ստեղծում են այդ հակամարտությունները Թուրքիայի հարավային ցամաքային սահմաններին, շարունակում են մեծանալ:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԴՈՆԲԱՍՈՒՄ «ԲԱՅՐԱՔԹԱՐ» Է ԿԻՐԱՌԵԼ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդել է Դոնբասում թուրքական արտադրության Bayraktar անօդաչու թռչող սարքի առաջին մարտական կիրառման մասին՝ Ֆեյսբուքում հրապարակած հաղորդագրությունն ուղեկցելով տեսանյութով։ Հաղորդագրության համաձայն՝ Bayraktar-ն օգտագործվել է հոկտեմբերի 26-ին՝ ԶՈՒ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրամանով։ Ուկրաինան ունի 12 միավոր Bayraktar, պատրաստվում է ձեռք բերել ևս 24-ը։ Կիևը և Անկարան մտադիր են նաև անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն սկսել։