Հայաստանի 5 համայնքում նոյեմբերի 14-ին սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Երեք համայնքում ընտրությունները կանցկացվեն համամասնական, երկուսում՝ մեծամասնական ընտրակարգով: Խոշոր համայնքներից ընտրություններ են նախատեսված Իջևանում, Ստեփանավանում և Կապանում:
Այս համայնքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Ուշագրավ է, որ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ուժերից «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ընտրություններին չեն մասնակցելու, միայն Իջևան քաղաքում «Հայաստան» դաշինքի մաս կազմող Դաշնակցությունն է ընտրապայքարին մասնակցում:
Եվ այսպես, այս երեք համայնքում, ընդհանուր առմամբ, պայքարում են 5 քաղաքական ուժ:
Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը, Իջևանում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և Հայ հեղափոխական դաշնակցությունը, իսկ Կապանում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ ընտրապայքարի մեջ կլինի Շանթ դաշինքը:
Ստեփանավանում Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է: Նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2020-ի նոյեմբերին՝ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի մահվանից հետո։
«Բարգավաճ Հայաստանը» ներկայանում է կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյանի առաջնորդությամբ, իսկ Հայ ազգային կոնգրեսի առաջին համարը Վանո Հակոբյանն է:
Իջևանում իշխող ուժի ցուցակը գլխավորում է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ Դաշնակցության թեկնածուն քաղաքի ավագանու անդամներից է:
Սյունիքի մարզկենտրոնում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, նրա մրցակիցը՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Գևորգ Փարսյանը, որը առաջադրվել է «Շանթ դաշինքի» ցուցակով։
Արզնիում ավագանու անդամները կա՛մ «Քաղաքացիական պայմանագրից» են, կա՛մ անկուսակցական, իսկ ազգային փոքրամասնությամբ բնակեցված Լերմոնտովոյում առաջադրվել են երկու անկուսակցական թեկնածուներ, որևէ կուսակցության չեն անդամակցում նաև ավագանու առաջադրված անդամները:
ՏԻՄ ընտրություններ սպասվում են նաև դեկտեմբերի 5-ին Հայաստանի 38 խոշորացված համայնքներում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դեկտեմբերի 5-ի ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները գլխավորող անձանց անունները:
Վանաձորում իշխանության թեկնածուն Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն է, Վաղարշապատում՝ քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Արմավիրում՝ քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Ջերմուկում՝ քաղաքապետի պաշտոնակատար Վահագն Արսենյանը, Նոյեմբերյանում՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Աբազյանը, իսկ Վեդիում Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Քաղաքական այլ ուժեր մասնակցության վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակել: