ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անցկացվող ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի խնդրանքով անդրադարձավ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացմանը և դրա փուլերին:
«Երբ խոսք է գնում միջանցքների մասին, այդ միջանցքային տրամաբանությունները և միջանքային հռետորաբանությունն ավելի են խորացնում հակադրությունը, թշնամանքը և թշնամության մթնոլորտը տարածաշրջանում. ես կարծում եմ, որ մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով հստակ արձանագրել ենք, որ տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաները պետք է բացվեն, և մենք պաշտպանում ենք այդ տեսակետը:
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է առաջին հերթին, որ օրինակ՝ երկաթուղիները, որ ժամանակին գոյություն են ունեցել, իհարկե, որոշակի հերթականությամբ, պետք է սկսեն բացվել և մատչելի դառնալ տարածաշրջանի երկրների համար: Ավտոճանապարհները, որոնք ժամանակին գոյություն են ունեցել, ինչ-որ մի հերթականությամբ պետք է բացվեն և մատչելի դառնան տարածաշրջանի երկրների համար, և կարծում եմ, որ դա է անվտանգության կարևոր կոմպոնենտը, որովհետև երբ տնտեսական կապերը և կոմունիկացիաները սկսում են աշխատել, դա որոշակի երաշխիք է ստեղծում նաև անվտանգության և խաղաղության համար: Մեր ընկալումը դա է, որ կոմունիկացիաների բացումը մասնավորապես պետք է ունենա այս տրամաբանությունը և այս նպատակարդրումը»,- նշեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ այդ բոլոր հարցերը հստակ արձանագրվել են:
«Նպատակն այն է, որ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, փոխադարձաբար միմյանց կոմունիկացիոն ուղիներն օգտագործելու հնարավորություն ունենան՝ բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնելու համար. թե ինչ փուլերով, գրաֆիկով տեղի կունենա՝ դա է խնդիրը: Հիմա մենք քննարկում ենք, թե ինչ երթուղիներով դա պետք է տեղի ունենա: Եվ, իմ կարծիքով, մեր դիրքորոշումն այն է, որ երթուղիները նույնպես, այնուամենայնիվ, խաղաղությունը խորհրդանշեն և ոչ թե կոնֆլիկտը»,- ասաց վարչապետը: