Հայաստանը հարևան երկրներին կապող միջպետական կարևորագույն նշանակության ճանապարհների մի շարք հատվածներում շինաշխատանքներն այժմ բուռն ընթացքի մեջ են:
Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ցանցին կապող և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող միջպետական ճանապարհներից մեկի՝ Մ3-ի մի քանի հատվածում այս պահին շինարարություն է ընթանում:
Հրանտ Մինասյան (Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներ) - Հիմնանորոգվում է Մ3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Բազումից մինչև Պուշկինի լեռնանցքի տարածքում գտնվող հատվածը:
Նորոգվում է ճանապարհի 130-րդ կմ-ից մինչև 135-րդ կմ տանող հատվածը: Այն անցնում է Լոռու մարզի Բազում բնակավայրի տարածքով: Պայմանագրային արժեքը մոտ 555 մլն դրամ է:
Գրիգոր Սահակյան (շինաշխատանքների ղեկավար) - էս պահին մայթերն ենք սարքում, ջրահեռացման վաքերն ենք կառուցում, սառը ասֆալտի վերամշակում ենք անում 20 սմ ցեմենտի խառնուրդով:
Տարիների ընթացքում այս ճանապարհահատվածում առաջացել էին փոսեր ու անհարթություններ, երթևեկելիս վարորդները դժգոհում էին անհարմարություններից, բայց շուտով այն միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան ճանապարհ կլինի:
Հրանտ Մինասյան - Բացի միջպետական ճանապարհի հիմնանորոգումից, որն իրականացվում է սառը վերամշակման տեխնոլոգիայով, այսինքն՝ հին ասֆալտբետոնի թափոններ չեն առաջանում, Բազումում տեղադրվում են նաև մայթեր՝ ընդհանուր 1750 գծամետր երկարությամբ:
Սառը վերամշակմանը կհաջորդի ասֆալտի շերտերի տեղադրումը:
Գրիգոր Սահակյան - Երկու շերտ ասֆալտ է լինելու: Առաջին շերտը 6 սմ խոշորահատիկ ասֆալտ-բետոն, երկրորդը՝ 5 սմ մանրահատիկ ասֆալտ-բետոն:
Շուրջ 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը մեկնարկել է օգոստոսի վերջին: Շինարարների խոսքով՝ իրենց խանգարող հանգամանքները քիչ չեն:
Գրիգոր Սահակյան - Երթևեկությունը ծանրաբեռնված է, խանգարում է, եղանակն էլ անընդհատ անձրև է, խոչընդոտում է, բայց փորձում ենք հասցնել:
Իսկ վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է: Քանի դեռ եղանակն ու աշխատանքը համատեղելի են, րոպե չեն կորցնում: Մինչ այդ հիմնանորոգելու են երկու կամուրջ և ճանապարհահատվածի հարևանությամբ գտնվող դեկորատիվ պատերը: