Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի այգում մասնակցել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական և քաղաքական գործիչների հիշատակի արարողությանը: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին:
Խորհրդարանի բակում հիշատակի արարողությանը մասնակցել են նաև Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատգամավորները և խորհրդարանի աշխատակազմը, ոճրագործությանը զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների ընտանիքների անդամները: Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ ահաբեկչության հետևանքով կոտրվեց պետականության ողնաշարը, որի հետևանքները քաղում ենք մինչև այսօր:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Չեմ բացառում, որ այսօր էն իրավիճակը, որ ունենք պատերազմի հետ կապված, սկսվել է հոկտեմբերի 27-ին՝ 99 թվականին: Որովհետև եթե չլիներ Հոկտեմբերի 27, մենք այսօրվան չէինք գա: Մենք ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևոմ, այն, ինչ տեղի ունեցավ, պետականության ողնաշարի կոտրել է:
Ոճրագործության տարելիցի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին Երկրապահ կամավորականների միության անդամները: Նրանք հարգանքի տուրք են մատուցել ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա շիրմին:
Սասուն Միքայելյան (ԵԿՄ վարչության նախագահ) - Ոճրագործությունը, որ տեղի ունեցավ 22 տարի առաջ, հենց Արցախի հարցն էր, գլխատվեց օրենսդիր, գործադիր մարմինը, մեր պետության վերելքի ժամանակաշրջանում նման բան եղավ: Եթե Վազգեն Սարգսյանը, Կարեն Սերոբիչը՝ Դեմիրճյանը, կենդանի լինեին, ուրիշ պետություն կունենայինք, ավելի հզոր, հզոր բանակ կունենայինք:
ԵԿՄ վարչության նախագահն ու անդամներն այցելել են նաև Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Կարեն Դեմիրճյանի հիշատակին: