Գեղարքունիքում այս տարվա կարտոֆիլի բերքը գրեթե հավաքել, հիմա էլ հաջորդ տարվա ցանքսի հողն են վարում: Գոռ Թադևոսյանն այս տարվա բերքի իրացումից գոհ է: Մոտ 20 տոննա արդեն վաճառել է արտահանողներին: Այդքան էլ դեռ կվաճառի:
Գոռ Թադևոսյան, ֆերմեր - Գինը սկզբում եղել է 150 դրամ: Այս պահի դրությամբ 180-200 դրամ է վաճառվում:
Սա անմիջապես դաշտից վաճառքի գինն է: Եթե այս տարի մեծ քանակով չարտահանեին, Հայաստանի շուկայում կարտոֆիլի գինն էժան կլիներ՝ ասում է Գոռը: Երևանում խոշոր կարտոֆիլի մեկ կիլոգրամի գինը հիմա տատանվում է 300-350 դրամի սահմանում:
Կարտոֆիլի գնի բարձրացման վրա ազդել է շոգ ամառով պայմանավորված սակավաջուր տարին: Բերքն է քիչ՝ ասում են գյուղացիները: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարի 2020-ի համեմատ նաև քիչ ցանք է կատարվել: 2020-ին 20 հազար 531 հեկտար կարտոֆիլ էր ցանվել, ստացվել էր 437 հազար 226 տոննա բերք, այս տարի 20 հազար 41 հեկտար են ցանել. թե որքան բերք է ստացվելու՝ կհրապարակվի տարեվերջին. որոշ մարզերում դեռ բերքահավաք է: ԵԱՏՄ շուկայում կարտոֆիլի պահանջարկով պայմանավորված՝ Հայաստանից արտահանումն այս տարի աննախադեպ է համարվում:
Գևորգ Ղազարյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ - Այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 44 հազար տոննա արտահանում: Անցյալ տարի արտահանվեց շուրջ 10 հազար տոննա կարտոֆիլ, 2019 թվականին արտահանվել էր ընդամենը 39 տոննա:
Հենց արտահանումն էլ հիմնականում ազդել է այս տարի կարտոֆիլի գնի բարձրացման վրա: Հիմնական սպառման շուկան Ռուսաստանն է: